Հ. Թումանյան. ԱՐՋԱՈՐՍ

 

Ա

Մի կերի տարի ես ու մեր Ավագը Մասրեքում խոզ էինք պահում: Հիմի մի աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստը արել ու դափի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է: Մի լուսնյակ գիշեր է: Ես պկու եմ ածում, էս Ավագն էլ մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գվգվում են:

Մին էլ Ավագը թե` «Ա՛յ տղա, էն ո՞վ է, հրե մի մարդ է գալի վերի կռնիցը»:

Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ` մի մարդ է գալի վերևիցը: Ամա ես էլ լսել եմ, որ արջը գողության գալիս` խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է դնում, երկու ոտանի մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլի:

Ասի` Ավագ, էս օքմին չի, արջ է:

Թե` բո՛հ, չէ չէ պոզեր:

Ա՛յ տղա, ասի` արջ է:

Ես` հա, սա` չէ. ես` հա, սա` չէ: Իսկ նա էլ կամաց-կամաց կողքըհան մոտենում է, ու ձեռներիս էլ հրացան չկա: Մին էլ էն տեսանք` առաջի երկու ոտը վեր դրավ, դառավ չորսոտնանի ու, ա՛ռ հա կտաս` խոզի կես տեղը: Խոզը ճղճղալով իրար խառնվեց, հավաքվեց արջի վրա:

— Ալաբա՛շ, բռնի հա՛ բռնի, հրես հա՛, հրես:

Ամեն մինս մի ածխակոթ վեր կալանք, վազեցինք: Մի հաստլիկ մերուն ունեինք. ականջ դնենք, որ սրա ճղղոցը ներքի փոսերիցն է գալի: Վազ տվինք փոսերի վրա: Ածխակոթը քաշել ենք, հիմի էս անիրավին վեր ենք հատում, տալիս ենք, ինչ անում ենք, չենք անում, մերունը բաց չի թողնում. առաջներս խտըտած ձորն է ընկնում: Վերջը` շատ տեղը նեղացրինք, չէ՜, թող արավ, փախավ:

Առավոտը ասի` Ավագ, դու խոզի կշտին կաց, ես գնամ տանիցը մի հրացան բերեմ:

Թե` դե՜, լավ:

Բ

Ավագը խոզի կշտին կացավ, ես գնացի. տանը մի հին հրացան ունեինք, վեր կալա եկա: Եկա, շիտակ գնացի ներքի մոշուտնին, որտեղ գիտեմ արջի տեղն է: Ման էկա. որ գտա ոչ, մի տեղ մի լավ մոշուտ պատահեց, կանգնեցի, ասի` մի քիչ մոշ ուտեմ: Միամիտ մոշ ուտելիս` հենց մոշենու տակիցը մինը ֆրթացրեց ու հրացանս բռնեց:

Դու մի ասիլ, գնացել եմ հենց անտեր արջի վրա եմ կանգնել:

Որ հրացանիս լուլիցը բռնեց, ես էլ կոթը պինդ բռնեցի: Հիմի նա օլորում է, ուզում է կոտրի, ես էլ օլորում եմ, որ հենց անեմ ծերը վրեն ընկնի, հուպ տամ, ծուխը փորն անեմ: Բայց անտերը գլխի է ընկել, թողնում չի:

Ես ձգեցի, նա ձգեց. տեսա, որ բան չի դառնում, ձեռս գցեցի, ասի հանկարծ խլեմ: Ձեռս գցեցի թե չէ, թանթլիկը բերավ ուսովս պատ տվավ: Որ թանթլիկն ուսովս պատ տվավ, հրացանը բաց թողեց: Էնքան արի` հրացանի ծերը փորին դեմ առավ, չախմախը ձեռս գցեցի, ասի` էս է, բանը պրծավ: Վերի ոտը քաշեցի` չըրթկացրի, տրաքեց ոչ: Մտիկ տամ, տեսնեմ` քարը վեր է ընկել, կորել: Էնտեղ մեջքս կոտրեց: Հրացանը բաց թողի, ասի` խտըտիցն ազատվեմ. եղավ ոչ: Բռնեցինք իրար:

Գ

Դես քաշեցինք, դեն քաշեցինք: Տեսնեմ` անտերն էս է, ինձ ուտում է: Ձեն տվի` «Ա՛լաբաշ հե՜յ… Ա՛լաբաշ հե՜յ…»

Մին էլ տեսա շունը կլանչելով գալիս է: Եկավ, հասավ: «Ա՛լաբաշ, օգնի, ասի, ինձ կերավ…»: Հա՛յ քեզ մատաղ, շո՛ւն. որ հասավ մեջքին տվավ էլի, ոնց որ մի գնդակ ըլի: Ամա ի՛նչ, էն շունը թե նրա մեջքին տված, թե էն լեռ քարափին:

Ոնց որ երկու փահլևան պինդ իրար բռնեն, բռնել ենք ու աչք աչքի ենք գցել: Մին էլ տեսա` կում արավ ու մարդի պես երեսիս մի մեծ թքեց-թո՜ւ: Որ թուքն աչքերս բռնեց, գլուխս դոշիս վրա կռացրի, ետնուց էլ թանթլիկով մի թունդ ապտակ հասցրեց, ու ինձ կորցրի:

Տեսա` էլ ազատվելու դուռը չկա, ասի` ես առաջուց երեսիս վրա վեր ընկնեմ, որ երեսս փչացնի ոչ: Բերանսիվեր տակին վեր ընկա: Որ տակին վեր ընկա, շունն ավելի կատաղեց: Արջն ընկել է ինձ վրա, շունը ետևից իրեն ուտում է, որտեղից բռնում է` օգուտ չի անում: Դու մի ասիլ վարպետ շուն է, գիտի արջը որտեղից կխեղճանա: Մեջքին վեր էլավ, ականջներիցը բռնեց: Որ ականջներիցը բռնեց, արջը ինձ թողեց: Անտերը գազազեց, շանը թափ տվեց մեջքից, վեր գցեց ու բռնեց, հուպ տվավ թե չանչեց, էլ գիտեմ ոչ` ինչ արավ, որ բաց թողեց, շունը կլանչելով ձորն ընկավ, փախավ, կորավ:

Դ

Շունն էլ գնաց. մնացինք ես ու ինքը: Հիմի տակին երեսս բռնած միտք եմ անում: Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէ: Թե իմանում է, որ շունչ է քաշում տակի օքմինը, ջարդում է, մինչև շունչը կտրի, թե հո չէ` քոթքաթաղ է անում, թողնում գնում, որ հոտի, հետո գա հանի ուտի: Էս միտք անելիս մին էլ էն տեսա` գլուխը բերավ գլխիս վրա դրավ, շունչը իրեն քաշեց. ականջ է դրել: Ես էլ շունչս փորս գցեցի, ոնց որ թե մեռած եմ: Գլուխը վեր քաշեց, մի քիչ կացավ` մին էլ ականջ դրավ: Էլ ետ շունչս պահեցի: Սա որ տեսավ` ես էս է մեռած եմ, ինձ թող արավ մրթմրթալով գնաց: Աչքս ծերպ արի, ասի` մտիկ անեմ, տեսնեմ ուր է գնում: Ասում եմ` հենց լինի մի քիչ տեղ հեռանա, վեր կենամ փախչեմ:

Գնաց` մոտիկ ցախ ու մախ կար, փետ կար, հավաքեց բերավ վրես ածավ: Մեջքիս վրա դրավ, շլինքիս վրա դրավ, էլ ետ գնաց: Գնաց, մի թեթև ցըցչորի կար, էն էլ բերավ ոտներիս վրա դրավ, մին էլ ետ գնաց:

Տեսնեմ` մի ահագին քոթուկ կա, չարչարվում է պոկի, որ բերի էն էլ վրես գցի: Միտք արի որ` թե էս քոթուկը բերի վրես գցի, տակին շունչս կկտրի: Ասի, քանի ուշքը քոթակումն է, վեր կենամ կորչեմ: Փորսող տալով փետերի տակիցը դուրս եկա, փախա մտա մոտիկ մամխուտը, տապ արի:

Հիմի տապ արած տեղիցս մտիկ եմ անում: Չարչարվեց, քոթուկը պոկեց ու, ոնց որ մարդը խտըտի, խտըտեց, բերավ թե վրես գցի: Եկավ տեսավ փետերի տակին մարդ չկա: Քոթուկը խտըտին զարմացած կանգնեց, փետերի տակին մտիկ արավ, չորս կուռը մտիկ արավ, հանկարծ քոթուկը վեր գցեց ու` թո՜ւ հա թո՜ւ, թո՜ւ հա թո՜ւ, մարդի նման թքոտում է. ասի երևի ափսոսում է, էլի՜:

Թո՜ւ հա թո՜ւ անելով, ճռճռացնելով ընկավ ներքի ձորը: Ես էլ վեր կացա, դուրս պրծա դեպի Ավագը: Գալիս եմ, ոնց եմ գալիս, ոնց որ հետ ածած լինեմ: Ետ եմ մտիկ անում, ասում եմ տեսնեմ, հո արջը գալիս չի: Հասա մեր խոզի նիստը: Էս Ավագը թե` ա՛յ տղա, էդ ի՞նչ խաբար է, էդ ի՞նչ ես եղել: Ասի` էլ խաբարը ո՞րն է, քո տունը քանդվի, էսենց բան եկավ գլուխս: Թե` բա հրացանդ ո՞ւր է:

Նոր տեսնեմ, որ հրացանս մտիցս ընկել է, թողել եմ տեղը:

Ե

Եկանք մի քանի հոգի հավաքվեցինք, գնացինք հրացանս բերինք: Հրացանիս քարը շինեցի, պնդացրի, ասի` Ավա՜գ, էլի պետք է գնամ: Թե` ա՜յ տղա, ձեռը վեր կալ, կբռնի կգզի: Ասի` հիմի սովորեցի, էնպես չեմ անի, որ բռնի:

Թե` դու գիտես:

Հրացանս վեր կալա, քարը պնդացրի ու գնացի: Տանձի էլ կաթոցի ժամանակն է: Գնացի մինչև ճաշ ման եկա, ոտնահան եղա. գտա ոչ: Միտք արի` ախպեր, սա ուր կլինի քաշված, ախր սա պետք է որ էս խոզի կողմերից հեռանա ոչ: Վեր կացա, ասի ներքևեմ մոշուտների վրա:

Մի քիչ գնացի, մին էլ տեսնեմ, ըհը՛, արջի հետքը առաջիս: Հետքն ընկա գնացի. գնամ` տեսնեմ հրես մի բարդի կրծել է, կրծել ու թողել: Գլխի ընկա, որ սրանում մեղր կա: Վերև մտիկ տամ, ճանճը արկանոցից բանում է: Ասի` հիմի թե իրեն գտնեմ էլ ոչ, էս հո որս է ու որս: Մի քիչ էլ գնացի, տեսնեմ առաջիս մի մորմոնջաբուն է քանդել, բայց հողը դեռ թաց է: Տեսա որ մոտեցել եմ: Էստեղ մի անտեր ահ ընկավ սիրտս: Հրացանի քարին մտիկ տվի ու առաջ գնացի: Հենց ոտս փոխեցի, մի թըմփթըմփոց եկավ: Կանգնեցի… Բացատի գլխին մի լավ մեղրատանձի կա. տեսնեմ` հրես տակին տանձ է ուտում: Էս կռանը մի տանձ է կաթում, դեսն է վազում, մրթմրթալով ծամում ու ականջ դնում, էն կռանը մի տանձ է կաթում, դենն է վազում: Մին էլ որ կանգնեց տանձի կաթոցին ականջ դնելու, ծառի տակը մտա, հրացանն երեսս կալա: Տեսնեմ հրացանի ծերը տըմբտըմբում է: Չէ՜, սիրտս պնդացրի, մին էլ նշան դրի, հուպ տվի… Հրացանը որ տրաքեց, սա մի գոռաց, պըտիտ եկավ, ու առ հա՛ կտաս, ընկավ ներքի ձորը: Հրացանս մին էլ լցրի, մոտիկ թմբի գլուխը բարձրացա, տեսնեմ սա ջրին է վազում. ասի` բաս սրա բանը խարաբ է. վիրավորը որ ջրին գնաց, ջուր խմեց — պրծավ, էլ ապրիլ չի:

Մին ասի` ետևիցը գնամ, մին էլ ասի` անեծք չար սատանին. վիրավոր արջը գեշ է, կբռնի, կփչացնի: Էն է, ինչ նա դենը գնաց, ես էլ ետ եկա, էլ գիտեմ ոչ ինչ եղավ:

Միայն էն օրերում ձորի վրա շատ ուրուր պըտիտ եկավ…

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Գրականություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s