Հ. Թումանյան. ԳՐԱԶԸ

1

Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր:

Մութը Ձորը բաժանում է հայերին ու թուրքերին իրարից: Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն զարկում, մյուս կողմը` հայը:

Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում են այն խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում: Նրանց հովիվները հանդերում են հասնում ու փետակռիվ են անում:

Մեկ էլ տեսար մի սարի ուսից տարածվեց մի զիլ, առաձգական ձայն — «Հավար հե՜յ…» Այդ գուժավոր ձայնը ձգվելով` տարածվում է լեռներում, ու հանկարծ երկու կողմն էլ բինեքում իրարով են անցնում:

2

Թուրք Ղափըչօղլին իր բինեն զարկել, ձվար էր արել Մութը Ձորի մի կողմը: Այնտեղից խրոխտ ու սպառնալի նայում էր դիմացը վեր եկած հայերին: Նրա մարդիկը այդ սարերի ամենահռչակավոր գողերն էին: Դատաստանից փախածները նրա մոտ էին ծածկվում, սարերով անցնող ավազակային խմբերը նրա հարկի տակ էին ապաստան գտնում:

3

Մի իրիկնադեմ վրանում թինկը տված նա զրույց էր անում իր սովորական հյուրերի հետ: Նրանք հայտնի ավազակներ էին, որ անցնում էին լեռներով:

— Էս դիմացի հայերին լա՛վ է տղերքը տակնուվրա չեն անում, — իր զարմանքը հայտնեց հյուրերից մի քուրդ:

— Էդքան էլ խեղճ մի գիտենալ դրանց, — պատասխանեց տանտերը:

— Դրա՞նց…

— Հա՜, դրանց: Դրանց մեջ Չատի անունով մի չոբան կա, իգիթ եմ ասում, որ մենակ էն մի տղի դեմը դուրս գա:

— Փա՛ հա՛, — բացականչեց վրդոված ավազակը ու շրըխկալով վրա նստեց:

— Ի՞նչ կտաս գիշերս էնպես անեմ, որ առավոտն էլ ծուխ չբարձրանա դիմացը:

— Կապուտ ձին փեշքեշ:

— Ձեռքդ տուր:

Նրանք ձեռք-ձեռքի խփեցին ու գրազ եկան:

4

Սարսափելի մութն են Մութը Ձորի գիշերները:

Մի մթնագիշեր էր. անձրևն էլ անընդհատ տեղում էր միալար: Քնած էր հայերի բինեն: Երբեմն-երբեմն հովիվները այս կամ այն կողմից խուլ «հեյ-հե՜յ…» կանչելով, իմացնում էին, որ հսկում են դեռ:

Գիշերվա մի ժամանակը մի թմփթըմփոց անցավ վրանների մոտից: Շները վեր կացան, վրա տվին, ոչխարը խրտնեց, ձիաները փախան, տավարը ցրվեց: Հովիվները հավար կանչեցին, հրացանները բացվեցին, և այս բոլոր սարսափներն ու ձայները խառնվելով մութին, հեղեղին ու ամպի որոտմունքին, հորինեցին մի դժոխային գիշեր:

— Շունը տարա՜ն, բինեն պահեցեք, հե՛յ… — գոռաց աժդահա հովիվ Չատին:

— Շունը տարա՜ն… — Ձայն տվին ամեն կողմից ու սև սարսափը կալավ բինին: Լեռներում ամեն մարդ լավ է հասկանում, թե ինչ կնշանակի` «շունը տարան»:

Գողերը միշտ մի կամ երկու հոգով վազում ընկնում են բինեն, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար: Շներն ընկնում են նրանց ետևից: Նրանք էլ շներին հաչեցնելով տանում, հեռացնում են բինից: Այնուհետև խառնված, անշուն թինին ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի ու խավարի մեջ քշում են անասունները:

Շուտով հետևեց երկրորդ հարձակումը, հարահրոցն ընկավ, հրացանները բացվեցին, ամեն բան մթնումը խառնվեց իրար ու իրար խառնված ընկավ դեպի ներքև:

Ակնակիր մթնում ոչինչ չէր երևում: Փայլակի լուսով վայրկենաբար բացվում էր ահռելի տեսարանը, բայց մարդու աչքերը որոշ բան չէին կարող նկատել այն թոհուբոհի մեջ: Աչքերը չէին կարող նկատել, բայց հրացանների ձայները ցույց էին տալիս, թե որ կողմից են գնում, և հովիվների աղաղակը, որ կանչում էին` «Տարա՜ն, տարա՜ն… Ալաբաշ հե՜յ…»:

Այդ ձայներն էլ հետզհետե հեռացան, նվազեցին ու էլ ոչինչ չէր լսվում:

Անձրևը միալար շրըփում էր և ամպը խուլ ճայթում ու որոտում հեռու լեռներում:

5

Լուսադեմին տղերքը վերադարձան: Դեռ հեռվից լսվում էր նրանց ուրախ-ուրախ խոսոցն ու ծիծաղները թանձր մշուշի մեջ: Ապրանքն ական ու անվնաս ետ բերին հանձնեցին սարվորին, իրենք հավաքվեցին հովիվ Չատնի վրանը, որ հաց ուտեն:

Նրանք իրենց հետ բերել էին մի քրդի քոլոզ, վահանն ու թուրը:

Իսկույն տարածվեց, թե տղերքը մի քուրդ են սպանել ու հետաքրքրված սարվորները եկան խռնվեցին վրանի ներսն ու դռների արանքում:

Չատնի մայրը սոված հովիվների համար կրակի վրա կերակուր էր շինում ու հետն էլ իրեն-իրեն դունդունում.

«Ա տղա, նա էլ մեր կունենա՜…

Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜…

Ա տղա, կասի, տղես ետ չեկավ…

Ա տղա, ճամփա կպահի` ետ չի գնա՜լ…»

Գլուխներն օրորելով նրան ձայնակցում էին մի քանի ուրիշ կանայք: Այնինչ` հովիվները սարվորին պատմում էին, թե բանն ինչպես եղավ:

— Չորս կողմից հավաքեցինք, տարանք արինք մի ձոր: Էստեղ սրանց տեղը որ նեղացրինք, սրանք ապրանքը թող արին ու ամենքը մի կռան վրա փախան: Մընին քշեցի, տարա քարափին դեմ արի: Որ քարափին դեմ էլավ, մին էլ տեսա ետ դառավ, թուրը հանեց, վրա քշեց թե` գլուխդ ազատի, միջիցդ կես եմ անում: Ոնց թե միջիցդ կես եմ անում– դագանակը պտտեցի, ուսախառը վեր բերի, ա՜ռ հա կտաս…

— Ա՜յ տո՛ւր, — բացականչեցին սարվորները:

— Շրըխկալով փռվեց, — վերջացրեց Չատին իր պատմությունը:

— Հա՜, հա՜, հա՜, հա՜, — քահ-քահ խնդացին սարվորները:

6

Այս դեպքից մի քանի շաբաթ անց էր կացել: Մի օր շները հաչեցին. դուրս եկան, տեսան մի պառավ քուրդ ձայն էր տալի բինի ներքևից:

— Ի՞նչ ես ուզում, ա՛ քիրվա:

— Չոբան Չատնի վրանն եմ ուզում, — ասավ քուրդը: Բերին չոբան Չատնի վրանը: Չատին հաց դրեց հյուրի առաջ: Դեսից-դենից խոսեցին, մինչև հացը կերավ, պրծավ: Երբ որ հացը կերավ, պրծավ, Չատին հարցրեց.

— Խեր ըլի, ընչի՞ համար է եկել քիրվա:

— Էստեղ մի քանի շաբաթ առաջ մի քուրդ են սպանե՞լ, — խոսեց հյուրը:

— Սպանել են, — պատասխանեց հովիվը:

— Ասում են` դու ես սպանել:

— Դրուստ է:

— Ես նրա հայրն եմ, — ասավ ծերունին: — Եկել ես, որ նրա արինը քեզ հալալ անեմ: Դու նրան ճամփին չես սպանել, իր ոչխարումը չես սպանել, իր տանը չես սպանել… Քանի անգամ ասի` ա՜յ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից, հեռու կաց էդ ընկերներից. ուրիշները քեզ համար չեն աշխատել… ինձ չլսեց: Երևի էդպես մահը մոտեցել էր, — ասավ քուրդը ու գլուխը քաշ արավ, լռեց:

— Հավատիդ հաստատ կենաս, որ արդարն ես խոսում, — չորս կողմից ձայն տվին սարվորներն ու իրենք էլ լռեցին:

— Արինը քեզ հալալ, — բացականչեց ծերունին, — միայն մայրը… գիտես էլի, մայր է… չի հանգստանում… Շորերն ինձ տվեք, տանեմ, շորերի վրա լաց ըլի, իր սիրտը հովացնի, իր կարոտն առնի:

Չատին բերեց, ծերունուն հանձնեց արյունոտ քոլոզը, վահանն ու թուրը, մի ոչխար էլ առաջն արավ ու շներն անցկացրեց, տարավ ճամփու գցեց:

— Դե մնաս բարով, զավակս, — հրաժեշտ տվավ ծերունի քուրդը:

— Գնաս բարով, քիրվա՛:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Գրականություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s