Վահան Տերյան

images

1. ԳԱՐՆԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում,

Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,

Փայլում են տներն արևի փոշում,

Երկինք են պարզվում ծառերը վտիտ…

Դեռ չչորացած բուլվարի վրա

Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.

Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա

Եվ հայացքները նետ են իրար դեմ…

Մայթի քարերը հարազատ են քեզ —

Քեզ նոր է թվում երգը հնամյա.

Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,

Եվ տխրությունդ անուշ է հիմա…

Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,

Տիկիններ շքեղ և ծիծաղելի —

Բոլորը հիմա սիրելի են քեզ,

Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…

Մեռած սրտերն էլ, ծաղիկներ իպես,

Բացվում են հիմա արևի փոշում.

Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,

Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…

Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,

Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,

Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր,

Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…

1912

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Վարժ, սահուն, արտահայտիչ, հասկանալով կարդա բանաստեղծությունը:
  2. Քնարական հերոսի անունից պատմիր՝ ինչպիսին է գարնան քաղաքը /գրավոր/:
  3. Բանաստեղծությունից դուրս գրիր գոյականները, ածականները, բայերը /Ներկիր տարբեր գույներով/:
  4. Վտիտ, երկունք բառերը բացատրիր և գտիր դրանց հոմանիշները:
  5. Գրիր ստեղծագործական աշխատանք՝ «Գարունն է գալիս»:
  6. Որոշիր՝ երկունք, տանջանք, օրհնություն, հուզում, ժպտուն բառերի կազմությունը, ապա քանդիր այդ բառերը և գրիր այդ բառերի բայերը /օրինակ՝ երկ+ունք, երկնել, ածանցավոր/
  7. Առաջին քառյակը կազմությամբ ինչպիսի նախադասություն է. առանձնացրու պարզ նախադասությունները:

*****

2.  ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

1905

Առաջադրանքներ՝

  1. Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերները.

ա. Աստղերն են ժպտում լուսեղեն նազով:
բ. Խաղաղ դաշտերը մութն է համբուրում:

  1. Բացատրիր ցնորք բառը և գտիր հոմանիշները:
  2. Դուրս գրիր հոգնակի թվով գործածված գոյականները՝ կողքին գրելով դրանց եզակի թիվը:
  3. Դուրս գրիր խաղաղ բառով բառակապակցությունները և ավելացրու այդ շարքը:

*****

3. ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…

Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…

Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

Հարցեր և առաջադրանքներ՝

*****

4. Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

1908

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Կանաչ գույնով ներկիր բնության պատկերները, իսկ կարմիր գույնով՝ քնարական հերոսի զգացումները:
  2. Դուրս գրիր բառակապակցությունները:
  3. Նկարիր պատկերները և պատրաստվիր ուսումնական նյութ պատրաստել:

*****

5. ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Ինչպե՞ս ես հասկանում՝ Գարունը այնքան ծաղիկ է վառել, Իմ բացված սրտում հնչում է մի երգ… պատկերները:
  3. Կանաչ գույնով ներկիր բնության պատկերները, իսկ կարմիր գույնով՝ քնարական հերոսի զգացումներն ու տրամադրությունն արտահայտող պատկերները:
  4. Ցույց տուր անձնական ապրումի և բնապատկերի կապը:
  5. Բացատրիր վերնագիրը, իսկ դո՞ւ ինչպես կվերնագրես:
  6. Գրիր՝ ի՞նչ նկարով կձևավորես «Գարուն» բանաստեղծությունը:

*****

 6. ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բացատրիր հետևյալ բառակապակցությունները՝ քնքշաբույր ծաղիկներ, հրեղեն խաղ, պայծառ աչքեր:
  2. Պատմիր բանաստեղծական գարնան մասին:
  3. Շարունակիր՝ համբույր- համբուրել, ողջույն-…, գույն-…, բույր-….: Ինչ փոփոխություն /հնչյունափոխություն/ նկատեցիր:

*****

 7. ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

1904-1905

*****

8. ԱՇՆԱՆ

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Թախիծ, հողմավար, վհատություն, բաղձալի, դողդոջուն բառերը բացատրիր և գրիր հոմանիշները:
  2. Դուրս գրիր բառակապակցությունները:
  3. Ինչպես ես հասկանում հետևյալ բառակապակցությունները՝ թախծալի երգ, գոհար արցունքներ, հողմավար տերևներ բառակապակցությունները:
  4. Դեղին գույնով ներկիր աշունը նկարագրող բառերը, տողերը, իսկ կարմիր գույնով ներկիր քնարական հերոսի զգացողությունն արտահայտող  բառերն ու տողերը:
  5. Կա՞ նմանություն աշնան նկարագրության և քնարական հերոսի տրամադրության միջև. փորձիր պատասխանդ ապացուցել և համոզել համապատասխան տողերով:
  6. Սովորիր անգիր:

*****

 9. ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈ

Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում…

Այրում են սիրտս անբարբառ երգեր,
Դողում են շուրջըս անխոս, դյութական
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական…
Լո՜ւռ… Սիրո համար էլ չկան երգեր,
Էլ խոսքեր չկան…

Հարցեր և առաջադրանքներ՝

Դուրս գրիր բնության պատկերը:

*****

10. Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն.
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
Մետաքսներով քնքշաշրշյուն:
Նայվածներով խորին, եկար ներո՜ղ,
Եկար կրկին գերող, խորհրդավո՜ր.
Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր:
Քո արևին հատնող և քո երգին, երգին,
Եվ շրշյունիդ փափուկ, և բեկումիդ – ողջո՜ւյն.
Օ՜, հարազա’տ, սիրա’ծ, եկա՜ր կրկին,
Իմ քնքշագի՜ն աշուն…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Ի՞նչ ձայնի տպավորություն է ստեղծվում բանաստեղծությունը կարդալիս: Ինչպե՞ս է ստեղծվում այդ ձայնը /ուշադրություն դարձրու որոշ բառերի հնչյուններին/:
  3. Ի՞նչն է բանաստեղծության մեջ իշխող՝ գույնը, թե՞ ձայնը. պատասխանդ պատճառաբանիր:
  4. Նկարագրիր այս բանաստեղծական աշունը:
  5. Բնութագրիր քնարական հերոսին /ինչպիսի՞ մարդ է, ինչպե՞ս է տեսնում աշխարհը/:

****

11. Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը չցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Օրվա որ պահն է նկարագրվում:
  2. Տրված մակդիրները բացատրիր: Ինչ տրամադրություն են արտահայտում դրանք: Անուշ դաշտեր, երազուն երկինք, երկնի անհաս ծաղիկներ:
  3. Ինչ տրամադրություն են արտահայտում տրված մակդիրներն ու փոխաբերությունները. Սարի ետևում շողերը մեռան, Տխուր երեկո, Սև տագնապները իմ սիրտը լցրին: Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն:

Աղբյուրը` Մարգարիտ Հարությունյանի բլոգ

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Նախագծեր, Առաջադրանքներ, Գրականություն с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s