Պատը: Սարտր

sartre

Մեզ քշեցին մի մեծ ճերմակ դահլիճ, և լույսի առատությունից աչքերս սկսեցին կկոցվել: Քիչ հետո տեսա մի սեղան՝ հետևում քաղաքացիական զգեստով չորս մարդու, որոնք ինչ-որ թղթեր էին նայում: Մյուս բանտարկյալներին խորքում էին հավաքել, և նրանց միանալու համար հարկ եղավ անցնել սրահի միջով: Ոմանց ճանաչում էի, ոմանք էլ երևի օտարազգի էին: Առջևիս երկուսը շիկահեր էին կլոր գանգերով, իրար նման: Ենթադրեցի, որ ֆրանսիացի կլինեն: Փոքրիկն անընդհատ շալվարը վեր էր քաշում. ջղերը չէին դիմանում:

Այսպես` անցավ մոտ երեք ժամ: Ես շշմել էի, գլուխս դմբում էր, բայց դահլիճը տաք էր ու քսանչորս ժամ շարունակ ցրտից դողալուց հետո՝ այստեղ ավելի շուտ հաճելի էր: Պահակները ձերբակալվածներին հաջորդաբար տանում էին սեղանի մոտ: Քաղաքացիական զգեստով մարդիկ հարցնում էին նրանց անունն ու մասնագիտությունը: Շատ չէին փորփրում, միայն մեկ-մեկ այս ու այն տեղից հարցեր էին տալիս. «Զինամատակարարման սաբոտաժին մասնակցե՞լ ես» և կամ «Ամսի 9-ի առավոտյան, որտեղ էիր և ի՞նչ էիր անում»: Պատասխանը չէին լսում, համենայնդեպս, այդպես էր թվում: Մի պահ լռում էին, նայում անորոշ մի կետի, հետո սկսում էին գրել: Թոմին հարցրին, թե ճի՞շտ է, որ ծառայել է ինտերնացիոնալ բրիգադում: Թոմը չէր կարող հակառակը պնդել բաճկոնի գրպանում գտնված փաստաթղթերի պատճառով: Խուանին ոչինչ չհարցրին, բայց հենց որ անունն ասաց, սկսեցին երկար-բարակ գրել:

— Անարխիստը իմ եղբայրն է՝ Խոսեն, ասաց Խուանը,— դուք լավ գիտեք, որ նա այլևս այստեղ չէ: Իսկ ես ոչ մեկի կողմից չեմ, քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել:

Նրանք չպատասխանեցին: Խուանը ավելացրեց.

— Ես ոչինչ չեմ արել: Ես չեմ ուզում ուրիշի փոխարեն հատուցել:

Նրա շրթունքները դողում էին: Պահակը նրան սաստեց ու դուրս տարավ: Հիմա իմ հերթն էր:

— Ձեր անունը Պաբլո Իբիե՞տա է:

Ասացի՝ այո:

Չորսից մեկը նայեց թղթերին ու հարցրեց.

— Որտե՞ղ է Ռամոն Գրիսը:

— Չգիտեմ:

— Ամսի 6-ից 19-ը դուք նրան թաքցրել եք ձեր տանը:

Նրանք ինչ-որ բան գրեցին, և պահակներն ինձ դուրս տարան: Միջանցքում Թոմը և Խուանը երկու պահակի արանքում կանգնած սպասում էին: Սկսեցինք քայլել: Թոմը պահակներից մեկին հարցրեց.

— Հետո՞:

— Ի՞նչ հետո,— ասաց պահակը:

— Սա ի՞նչ էր, հարցաքննությո՞ւն, թե դատ:

— Դատ,— ասաց պահակը:

— Հետո՞: Մեզ ի՞նչ են անելու:

Պահակը չոր պատասխանեց.

— Դատավճիռը բանտախցում կկարդան:

Բանտախուց կոչվածը իրականում հիվանդանոցի նկուղներից մեկն էր: Միջանցիկ քամիների պատճառով այստեղ սոսկալի ցուրտ էր: Ամբողջ գիշեր սառել էինք ու ցերեկը նույնպես: Նախորդ հինգ օրը անցկացրել էի արքեպիսկոպոսարանի՝ հավանաբար միջին դարերում կառուցված զրնգանի մենախցում: Քանի որ բանտարկյալները շատ էին, տեղը քիչ, մեզ նետում էին, ուր պատահեր: Ես չէի ափսոսում զնդանը: Թեև ցրտից չէի տառապում, բայց մենակ էի: Վերջ ի վերջո մարդու ջղերը տեղի են տալիս: Նկուղում ընկերներ ունեի: Խուանը մեծ մասամբ լռում էր՝ վախենում էր և հետո շատ էր ջահել, ու նրան խոսք չէր հասնում: Փոխարենը Թոմը ճարտար լեզու ուներ և իսպաներեն շատ լավ էր խոսում:

Նկուղում մի նստարան կար ու չորս ներքնակ: Երբ մեզ հետ բերեցին, նստեցինք ու սկսեցինք լուռ սպասել: Քիչ անց Թոմն ասաց.

— Մեր երգը երգված է:

— Ես էլ եմ կարծում,— ասացի,— Բայց երևի փոքրիկին ձեռք չտան:

— Մեղադրելու պատճառ չունեն,— ասաց Թոմը,— նա ընդամենը մարտիկի եղբայր է:

Նայեցի Խուանին: Նա կարծես չէր հասկացել: Թոմը շարունակեց.

— Գիտե՞ս թե ինչեր են անում Սարագոսայում: Մարդկանց պառկեցնում են ճանապարհի վրա ու բեռնատարներով վրաներից անցնում: Մարոկկացի մի դասալիք է պատմել: Նրանք ասում են, որ այդպիսով ռազմամթերքն է խնայվում:

— Փոխարենը բենզինը չի խնայվում,— ասացի ես:

Ես զայրացել էի Թոմի վրա: Չպետք է այդ բանն ասեր:

— Սպաներ կան, որ ճամփեզրին զբոսնում են,— շարունակեց նա,— և ձեռքերը գրպանները խոթած, բերաններին ծխախոտ, հետևում են այդ ամենին: Կարծում ես վե՞րջ են տալիս խոշտանգվողների կյանքին: Չէ՜ մի: Թողնում են, որ տանջամահ լինեն: Երբեմն մի ամբողջ ժամ: Մարոկկացին ասում էր, որ առաջին անգամ քիչ է մնացել սիրտը տեղից պոկվի:

— Դժվար թե այստեղ էլ նույնն անեն,— ասացի ես,— համենայն դեպս, եթե իսկապես ռազմամթերքի պակաս չզգան:

Լույսը թափանցում էր չորս նեղլիկ պատուհանից և առաստաղի ձախ կողմում բացված կլոր անցքից, որտեղից երևում էր երկինքը: Սովորաբար դռնակով փակվող այս անցքից նկուղի մեջ ածուխ էին լցնում: Անցքի ճիշտ ներքևում մի մեծ ածխակույտ կար, որը նախատեսված էր հիվանդանոցի ջեռուցման համար, բայց պատերազմի առաջին օրերին հիվանդներին էվակուացրել էին, ու ածուխն այդպես էլ չէր գործածվել: Եթե անձրև գար, ջուրը ներքև էր թափվելու, որովհետև դռնակը մոռացել էին իջեցնել:

Թոմը սկսեց սրթսրթալ.

— Սատանան տանի ես դողում եմ,— ասաց նա,— նորից նույն պատմությունը:

Նա վեր կացավ ու սկսեց մարզանք անել: Ամեն մի շարժումից վերնաշապիկը բացվում էր, ու երևում էր նրա ճերմակ ու մազմզոտ կուրծքը: Նա պառկեց մեջքի վրա, ոտքերը մկրատաձև վեր տնկեց: Տեսնում էի, թե ինչպես է ցնցվում նրա հաստ գավակը: Թոմը պինդ տղա էր, բայց շատ էր ճարպակալած: Ես պատկերացրի, թե շուտով հրացանի գնդակները կամ սվինները խրվելու են փափուկ մսի այդ զանգվածի մեջ ինչպես կարող են խրվել մի գունդ կարագի մեջ: Եթե նիհար լիներ, պատկերն այդքան տպավորիչ չէր թվա:

Չեմ կարող ասել, որ մրսում էի, բայց ոչ ուսերս էի զգում, ոչ թևերս: Մերթ ընդ մերթ ինչ-որ բանի պակաս էի զգում ու սկսում փնտրել բաճկոնս, բայց հետո հանկարծ հիշում էի, որ բաճկոնս չէին տվել: Նրանք մեր շորերը վերցրել էին, որպեսզի իրենց զինվորներին հագցնեն, իսկ մեզ միայն վերնաշապիկով էին թողել ու նաև քաթանե շալվար տվել, որ հիվանդները ամառվա շոգին էին հագնում: Քիչ անց Թոմը ոտքի կանգնեց ու շնչահեղձ լինելով կողքս նստեց:

— Տաքացա՞ր:

— Չէ, սրա ինչն եմ ասել… Միայն շունչս կտրվեց:

Երեկոյան ժամը ութի մոտ ներս մտավ մի մայոր` երկու փաղանգականների ուղեկցությամբ: Ձեռքին թուղթ կար: Նա պահակին հարցրեց.

— Այս երեքի անուններն ի՞նչ են:

— Ստայնբոկ, Ւբիետա և Միրբալ,— ասաց պահակը:

Մայորը ակնոց դրեց ու նայեց թղթին.

— Ստայնբոկ… Ստայնբոկ… Ահա: Դուք դատապարտված եք մահվան: Վաղը առավոտյան ձեզ կգնդակահարեն:

Նա նորից նայեց թղթին.

— Մյուս երկուսին՝ նույնպես:

— Ինչպես թե,— ասաց Խուանը,— ինձ չէին գնդակահարելու:

Մայորը զարմանքով նրան նայեց.

— Ձեր անունն ի՞նչ է:

— Խուան Միրբալ:

— Դե ինչ, ցուցակում ձեր անունն էլ կա,— ասաց մայորը,— դուք դատապարտված եք:

— Ես ոչինչ չեմ արել,— ասաց Խուանը:

Մայորը թոթվեց ուսերը և շրջվեց Թոմի ու իմ կողմը:

— Դուք բա՞սկ եք:

— Ոչ ոք բասկ չէ:

Նա վրդովվեց.

— Ինձ ասել են, որ երեք բասկ կա: Հիմա էլ ժամանակ կորցրու, որ դրանց հետևից վազես: Դե դուք, բնականաբար, քահանայի չի կարիք չունեք:

Մենք նույնիսկ չպատասխանեցինք:

— Քիչ հետո բելգիացի մի բժիշկ կգա,— ասաց նա:—Նրան հրամայել են գիշերը ձեզ հետ անցկացնել:

Նա պատիվ բռնեց ու դուրս գնաց:

— Քեզ ի՞նչ էի ասում,— ասաց Թոմը,— հաշիվներս պարզ է:

— Այո,— ասացի ես,— փոքրիկի բախտը չբերեց:

Ասացի արդարացի լինելու համար, թեև փոքրիկին չէի սիրում: Դեմքը շատ էր վտիտ, իսկ վախն ու տառապանքը աղավաղել, ծամածռել էին դիմագծերը: Երեք օր առաջ քաղցր-մեղցր լակոտ էր, կարող էր դուր գալ, բայց հիմա ցնդած ծերուկի տեսք ուներ, և ես մտածում էի, որ նա երբեք այլևս երիտասարդ չի լինի, նույնիսկ եթե բաց թողնեին: Վատ չէր լինի մի քիչ գթասիրտ լինել նրա հանդեպ: Բայց գթասրտությունից զզվում եմ, նա ինձ ավելի շուտ սարսափ էր ներշնչում: Այլևս ոչինչ չէր ասում, միայն սփրթնել էր՝ դեմքն ու ձեռքերը դժգույն էին: Նստեց ու աչքերը չռեց գետնին: Թոմը բարեսիրտ մարդ էր, ուզեց ձեռքը ուսովը գցել, բայց փոքրիկը կոպտորեն ազատվեց նրանից՝ դեմքը ծամածռելով:

— Հանգիստ թող,— ցածրաձայն ասացի ես,— չես տեսնում, քիչ էլ մնա, տակն է անելու:

Թոմն ափսոսանքով հնազանդվեց: Շատ կուզենար փոքրիկին սփոփել: Դա կշեղեր նրա ուշադրությունը իր մասին մտածելուց: Իսկ ես վրդովված էի՝ երբեք չէի մտածել մահվան մասին, քանի որ առիթը չէր ներկայացել, մինչդեռ հիմա առիթը եկել էր, և ուրիշ ոչինչ չէր մնում անելու բացի այդ մասին մտածելուց: Թոմն սկսեց խոսել.

— Դրանց սատկացրած կա՞ս,— հարցրեց ինձ:

Չպատասխանեցի: Սկսեց պատմել, թե ինչպես է օգոստոսի սկզբներից վեց հոգու սպանել: Նա չէր պատկերացնում մեր վիճակը և ես տեսնում էի, որ չէր էլ ուզում պատկերացնել: Ես ինքս դեռ լիովին չէի ըմբռնել, մտքումս հարցնում էի, թե արդյոք շա՞տ եմ տանջվելու, մտածում էի գնդակների մասին, զգում դրանց այրող տարափը մարմնիս երկայնքով: Այս ամենը հեռու էր իսկական հարցից, բայց ես հանգիստ էի, հասկանալու համար առջևում մի ամբողջ գիշեր կար: Ինչ-որ պահի Թոմը դադարեց խոսել, և ես աչքիս տակով նայեցի նրան: Տեսա, որ նա, նա նույնպես գունատվել է ու խղճահարույց տեսք ունի: Մտքումս ասացի. «Սկսվում է»: Օրը համարյա մթնել էր, որմնանցքների ու ածխակույտի միջից աղոտ մի լույս էր թափանցում ու բարձրանալով վեր՝ մի մեծ բիծ գոյացնում: Առաստաղի անցքից արդեն մի աստղ էր երևում: Պարզկա, ցուրտ գիշեր էր լինելու:

Դուռը բացվեց, և ներս մտան երկու պահակ ու նրանց հետևինը՝ շիկահեր մի մարդ՝ հագին բելգիական համազգեստ: Նա ողջունեց մեզ.

— Ես բժիշկ եմ,— ասաց նա,— ինձ հրամայված է ծանր ժամին ձեզ հետ լինել:

Հաճելի ու բարեկիրթ ձայն ուներ: Ես հարցրի.

— Ի՞նչ գործ ունեք այստեղ:

— Ես ձեր տրամադրության տակ եմ: Կաշխատեմ հնարավորին չափ թեթևացնել ձեր ծանր ժամերը:

— Ինչո՞ւ եք հենց մեզ մոտ եկել: Ուրիշ մարդիկ էլ կան, հիվանդանոցը լեփլեցուն է:

— Ինձ այստեղ են ուղարկել,— պատասխանեց նա անորոշ տոնով:

— Ախ, երևի կուզեիք ծխել, հը՞,— ավելացրեց նա փութաջանորեն: — Ես ծխախոտ ունեմ և նույնիսկ սիգար:

Անգլիական ծխախոտ ու ընտիր սիգար հրամցրեց, բայց հրաժարվեցինք: Նայեցի աչքերի մեջ, ու նա կարծես շփոթվեց: Ես ասացի.

— Դուք այստեղ կարեկցելու համար չեք եկել: Ասենք, ես ձեզ ճանաչում եմ: Զորանոցի բակում եմ տեսել ֆաշիստների հետ այն օրը, երբ ինձ ձերբակալեցին:

Ուզում էի շարունակեի բայց ինձ հետ անսպասելիորեն զարմանալի մի բան կատարվեց. բժշկի ներկայությունը հանկարծ դադարեց ինձ հուզել: Սովորաբար, երբ մեկին բռնացնում եմ, օձիքից պոկ չեմ գալիս: Եվ սակայն խոսելու եռանդը լքեց ինձ: Ուսերս թափ տվի և ուրիշ կողմ նայեցի: Քիչ անց գլուխս բարձրացրի. նա հետաքրքրասիրությամբ ինձ էր նայում: Պահակները նստել էին ներքնակներին: Բարձրահասակ նիհարը՝ Պեդրոն, բթամատերն էր խաղացնում, մյուսը մերթընդմերթ գլուխն էր շարժում, որ քունը չտանի:

— Ուզու՞մ եք, լուսավորեմ, —հանկարծ բժշկին հարցրեց Պեդրոն:

Սա գլխով հավանություն տվեց: Ինչ խոսք, որ կոճղի պես բութ էր, բայց, իհարկե, չար չէր: Մեծ, կապույտ ու պաղ աչքերին նայելիս՝ ինձ թվում էր, թե նրա ամենամեծ թերությունը երևակայության պակասն է: Պեդրոն դուրս գնաց ու վերադարձավ՝ ձեռքին նավթի լապտեր, որը դրեց նստարանի եզրին: Աղոտ լույս էր տալիս, բայց չլինելուց լավ էր. նախորդ գիշեր մեզ մթան մեջ էին թողել: Անորոշ ժամանակ նայեցի լույսի կլորավուն ստվերին, որ լապտերից ընկնում էր առաստաղին: Զմայլվել էի: Հետո մեկից սթափվեցի, ստվերը ջնջվեց, ու ինձ թվաց, կարծես մի ծանր բեռ ճզմում է ինձ: Դա մահվան միտքը չէր, ոչ էլ վախն էր, այդ զգացումը անուն չուներ: Այտերս վառվում էին ուղեղս՝ նվվում:

Ցնցվեցի ու նայեցի երկու ընկերներիս: Թոմը գլուխը թաղել էր ձեռքերի մեջ, միայն ճերմակ ու հաստլիկ ծոծրակն էր երևում: Ամենից ծանրը փոքրիկ Խուանի վիճակն էր. բերանը բաց էր, ռունգերը թրթռում էին: Բժիշկը մոտեցավ նրան ու ձեռքը դրեց ուսին, ասես, մխիթարելու համար: Բայց միևնույն է, աչքերը պաղ էին: Հետո տեսա, թե բելգիացու ձեռքը ինչպես է Խուանի թևով նենգորեն իջնում մինչև դաստակը: Խուանը անտարբեր ձայն չէր հանում:

Բելգիացին ցրված տեսքով երեք մատը գրեց դաստակին, ապա մի քիչ հետ եկավ ու մեջքը շուռ տվեց ինձ: Բայց ես գլուխս թեքեցի ու տեսա, որ գրպանից ժամացույց է հանել ու նայում է՝ շարունակ պահած փոքրիկի դաստակը: Քիչ անց բաց թողեց անզգա ձեռքը և հենվեց պատին, հետո, կարծես հիշելով շատ կարևոր մի բան, որ պետք էր տեղնուտեղը նշել, գրպանից հանեց ծոցատետրը և մի քանի տող գրեց: «Կեղտոտի մեկը»— զայրույթով մտածեցի ես,— թող մի փորձի զարկերակս շոշափել, կեղտոտ մռութը ջարդուխուրդ կանեմ»:

Նա չմոտեցավ, բայց զգացի, որ ինձ է նայում: Գլուխս բարձրացրի և պատասխանեցի նրա հայացքին: Նա ինձ ասաց օտարոտի ձայնով.

— Չե՞ք կարծում, որ այստեղ սոսկալի ցուրտ է:

Տեսքից երևում էր, որ մրսում է: Ցրտից կապտել էր:

— Ես չեմ մրսում,— պատասխանեցի:

Նա շարունակում էր նայել ինձ ծակող հայացքով: Հանկարծ հասկացա և ձեռքս տարա դեմքիս. քրտինքի մեջ կորել էի: Այդ նկուղում ձմեռվա կեսին միջանցիկ քամիների մեջ ես քրտնել էի: Ձեռքս խրեցի քրտինքից լպրծուն դարձած մազերիս մեջ: Միևնույն ժամանակ զգացի, որ վերնաշապիկս թացությունից մարմնիս է կպել: Առնվազն մի ժամ թրջվել էի ու ոչինչ չէի զգացել: Բայց գա բելգիացի խոզի աչքից չէր վրիպել: Նա տեսել էր այտերիցս հոսող առվակները ու մտածել սարսափի պաթոլոգիկ դրսևորում, և իրեն նորմալ մարդ էր զգացել ու հպարտացել, որովհետև մրսում էր: Ուզեցի վեր ցատկել ու քիթմռութը ջարդել, բայց հենց որ մի շարժում արեցի՝ զայրույթս իսպառ չքացավ: Նորից անտարբերությամբ տեղս նստեցի:

Միայն թաշկինակով սկսեցի վիզս շփել, զգալով, որ հիմա քրտինքը մազերիցս ծորում է ծոծրակիս վրա ու տհաճություն պատճառում: Բայց շուտով ձեռք քաշեցի սրբելուց, անօգուտ բան էր: Թաշկինակս ջուր էր դարձել, իսկ քրտինքը դեռ վազում էր: Նստատեղիս էլ էր քրտնել, ու թաց շալվարս կպել էր նստարանին: Փոքրիկ Խուանը հանկարծ խոսեց.

— Դուք բժի՞շկ եք:

— Այո,— ասաց բելգիացին:

— Երկա՞ր են… տանջվում:

— Հը՞, ե՞րբ… Չէ, չէ,— ասաց բելգիացին կարեկից ձայնով,— ամեն ինչ արագ է վերջանում:

Այնպես էր խոսում, կարծես ուզում էր իր հերթական հիվանդին հանգստացնել:

— Բայց ես… ինձ ասել են… որ հաճախ երկու համազարկ է պետք:

— Երբեմն,— ասաց բելգիացին՝ գլուխը թափահարելով,— պատահում է, որ առաջին համազարկից հետո ոչ մի կենսական օրգան չի վնասվում:

— Ուրեմն, հրացանները նորից լցնելու են ու նորից նշա՞ն են բռնելու:

Մի պահ մտորեց ու խզված ձայնով ավելացրեց.

— Դրա վրա ժամանակ է գնում:

Տանջամահ լինելու միտքը ահ ու սարսափ էր ներշնչում նրան, մխրճվել էր ուղեղի մեջ. պատճառը տարիքն էր: Իսկ ես այլևս այնքան էլ չէի մտածում այդ մասին, և տառապելու վախը չէ, որ ստիպել էր ինձ քրտնել:

Վեր կացա և քայլեցի մինչև ածխակույտը: Թոմը տեղից ցատկեց ու ինձ նետեց ատելությամբ լի մի հայացք. ես զայրացնում էի նրան, որովհետև կոշիկներս ճռճռում էին: Մտածեցի, թե իմ դե՞մքն էլ է նրա դեմքի պես դարձել հողագույն, տեսա, որ նա էլ է քրտնքի մեջ կորել: Երկինքը հիասքանչ էր, այս մութ անկյունը լույսի ոչ մի առկայծ չէր հասնում, և հերիք էր, գլուխս բարձրացնեի, որ տեսնեի Մեծ Արջի համաստեղությունը: Բայց տպավորությունն այն չէր, ինչ որ առաջ, երկու օր առաք արքեպիսկոպոսարանի իմ մենախցից երկնքի մի մեծ հատված էր երևում, և օրվա յուրաքանչյուր ժամի իմ մեջ արթնանում էին տարբեր հուշեր: Առավոտյան, երբ երկնքի կապույտը ջինջ էր ու թեթև, մտաբերում էի Ատլանտյանի լողափերը, կեսօրին տեսնում էի արևը ու հիշում Սևիլիայի բարը, որտեղ անձրուկ ու ձիթապտուղ ուտելով՝ մանձանիլյա էի խմում, կեսօրից հետո ստվերի մեջ էի մնում ու վերհիշում, թե մարզադաշտի կեսը ինչպես էր ծածկվում լայն ստվերով, մինչդեռ մյուս կեսը փայլում էր արևի տակ. իրոք որ ծանր բան էր ողջ երկիրը այսպես արտացոլված տեսնել երկնքի մեջ: Մինչդեռ հիմա կարող էի վեր նայեի ինչքան սիրտս ուզեր, երկինքն իմ մեջ այլևս ոչ մի հուշ չէր արթնացնում: Այդպես ավելի լավ էր: Վերադարձա ու նստեցի Թոմի կողքին: Որոշ ժամանակ անցավ:

Թոմն սկսեց ցածրաձայն խոսել: Նրան պետք էր անընդհատ խոսել այլապես, մտածմունքների մեջ ընկնելիս, ինքն իրեն կորցնում էր: Կարծում եմ, որ ինձ էր դիմում, թեև իմ կողմը չէր նայում: Ինչ խոսք, վախենում էր տեսնել, թե ինչ օրն եմ ընկել գունատ, քրտնաթոր: Երկուսս էլ նույն օրի էինք ու մեկս մյուսի դեմքի վրա ավելի լավ էինք տեսնում մեր վիճակը, քան հայելու մեջ: Նա բելգիացուն էր նայում՝ ողջին:

— Դու հասկանո՞ւմ ես,— ասում էր նա:— Ես չեմ հասկանում:

Ես նույնպես սկսեցի ցածրաձայն խոսել: Բելգիացուն էի նայում:

— Ի՞նչը, ինչը չես հասկանում:

— Մեզ հետ կատարվելու է մի բան , որ ոչ մի կերպ գլուխս չի մտնում:

Թոմից տարօրինակ հոտ էր գալիս: Ինձ թվաց, թե հոտառությունս սովորականից զգայուն է դարձել: Քմծիծաղով ասացի.

— Շուտով կմտնի:

— Չեմ հասկանում համառությամբ կրկնեց նա,— շատ կուզեի սրտապնդվել, բայց գոնե հնար լիներ իմանալ լսիր, մեզ տանելու են բակ: Մեր դիմաց զինվորներ են շարելու: Քանի՞ հոգի:

— Չգիտեմ: Հինգ կամ ութ: Ոչ ավելի:

— Եղավ: Ութ հոգի: Նրանց կհրամայեն՝ «Նշան ա՛ռ», ես կտեսնեմ ինձ ուղղված ութ հրացան: Երևի թե, ուզենամ պատի մեջ մտնել, ինչքան ուժ ունեմ մեջքովս պատը կհրեմ, բայց պատը կդիմադրի, ինչպես մղձավանջի ժամանակ: Այս ամենը հնարավոր է պատկերացնել: Ա՜խ, եթե իմանայիր, ինչպես եմ պատկերացնում: — Եղավ,— ասացի նրան,— ես էլ եմ պատկերացնում:

— Երևի ցավից վնգստամ: Գիտես, նրանք նշան են բռնում աչքերին ու բերանին, որ չայլանդակեն,— չարությամբ ավելացրեց նա,— արդեն զգում եմ վերքերս: Մի ժամ է, ինչ գլխիս ու վզիս մեջ ցավեր եմ զգում: Ոչ իսկական ցավեր: Ավելի վատ՝ ցավեր, որ զգալու եմ վաղն առավոտյան: Բայց հետո:

Ես շատ լավ էի հասկանում, թե ինչ է ուզում ասել, բայց չէի ուզում ցույց տալ: Ինչ վերաբերում է ցավերին, ես էլ էի մարմնիս մեջ զգում դրանք, ասես, հազար տեղից խոցված լինեի: Ոչինչ չէի կարող անել, բայց ինչպես նրանք այնպես էլ ինձ համար կարևորը դա չէր:

— Հետո,— չարությամբ ասացի ես,— որդերի կեր ես դառնալու:

Նա սկսեց ինքն իրեն խոսել: Աչքերը բելգիացուց չէր հեռացնում: Վերջինս, հավանաբար, չէր էլ լսում: Ես գիտեի, թե ինչի համար էր եկել այստեղ: Մեր մտքերը նրան չէին հետաքրքրում: Նա եկել էր զննելու մեր մարմինները, մարմիններ, որ ողջ-ողջ հոգի էին տալիս:

— Կարծես մղձավանջ լինի,— ասում էր Թոմը,— ուզում ես միտքդ տեղը բերել, ամբողջ ժամանակ թվում է, թե վերջապես հաջողվեց, ուր որ է ըմբռնելու ես, բայց հետո մտքերդ խռնվում են, ցրիվ գալիս ու անհետ կորչում: Մտքումս ասում եմ՝ հետո ոչինչ չի լինելու: Բայց չեմ հասկանում, թե ինչ ասել է այդ: Կան պահեր, երբ համարյա հասնում եմ, բայց նորից ամեն ինչ խորտակվում է, նորից սկսում եմ մտածել ցավի, գնդակների, համազարկերի մասին: Ես մատերիալիստ եմ, արևս վկա: Խելքս չեմ թռցրել: Բայց ինչ-որ բան տեղը չի ընկնում: Ես տեսնում եմ իմ դիակը: Դժվար բան չէ, բայց տեսնողը ես եմ, իմ աչքերն են: «Ինձ պետք է հաջողվի մտածել». մտածեցի, որ ես այլևս ոչինչ չեմ լսելու, և որ աշխարհը շարունակելու է գոյություն ունենալ ուրիշների համար: Մարդը չի ստեղծված այդպես մտածելու համար, Պաբլո: Հավատա, պատահել է, ինչ-որ բանի սպասելիս ողջ գիշեր աչք չեմ փակել: Բայց այս մեկն ուրիշ է՝ հարվածը թիկունքից է գալու, Պաբլո, և մենք չենք հասցնելու պատրաստվել դրան:

— Ձայնդ կտրիր,—ասացի ես,—խոստովանահայր կանչեմ, ինչ է:

Չպատասխանեց: Արդեն նկատել էի, որ մարգարեի հովեր է առնում և ինձ անվանում Պաբլո՝ ձայնին հաղորդելով չարագուշակ երանգ: Դա ինձ այնքան էլ հաճելի չէր, բայց երևի բոլոր իռլանդացիներն էլ այդպիսին են: Հանկարծ ինձ թվաց, թե վրայից մեղրի հոտ է գալիս: Սրտիս խորքում ես այնքան էլ չէի համակրում Թոմին և չէի հասկանում, թե ինչու պիտի ավելի շատ համակրեի միայն այն պատճառով, որ միասին ենք մեռնելու: Կան մարդիկ, որոնց հետ այլ կերպ կլիներ: Օրինակ, Ռամոն Գրիսը: Բայց Թոմի ու Խուանի հետ ինձ մենակ էի զգում: Ասենք, ավելի լավ. Ռամոնի հետ գուցե սիրտս թուլանար: Մինչդեռ հիմա ես պինդ էի և ուզում էի չընկճվել: Նա շարունակեց մտացրիվ ինչ-որ բառեր ծամծմել: Անկասկած, խոսում էր, որպեսզի չտառապեր մտածելուց: Նրանից, ինչպես զառամյալ անդամալույծից, մեզի ահավոր հոտ էր փչում: Բնականաբար, ես համամիտ էի նրան, այն ամենն ինչ նա էր ասում, ես էլ կարող էի ասեի մեռնելը անբնական բան է: Իսկ այն պահից ի վեր, ինչ իմացա, որ մեռնելու եմ, ամեն ինչ սկսեց անբնական թվալ. և այդ ածխակույտը, և նստարանը, և Պեդրոյի կեղտոտ մռութը: Միայն թե տհաճ էր, որ իմ մտքով նույն բաներն են անցնում, ինչ-որ Թոմի: Բայց ես լավ գիտեի, որ ամբողջ գիշեր հինգ րոպեի տարբերությամբ մեր մտքով նույն բաներն են անցնելու, մենք շարունակելու ենք քրտնել կամ սրթսրթալ նույն կերպ: Աչքի տակով նրան նայեցի և առաջին անգամ տեսա, որ տարօրինակ տեսք ունի. դեմքին թառել էր սեփական մահը: Արժանապատվությունս խոցվել էր քսանչորս ժամ է, ինչ ապրում էի Թոմի կողքին, լսում նրան, խոսում հետը և գիտեի, որ մեր մեջ ոչ մի ընդհանուր բան չկա: Մինչդեռ հիմա մենք երկվորյակ եղբայրների պես նման էինք սոսկ այն պատճառով, որ միասին էինք սատկելու: Թոմն առանց ինձ նայելու ձեռքս բռնեց.

— Պաբլո, ես հարց եմ տալիս… ես հարց եմ տալիս. մի՞թե ճիշտ է, որ մարդ անհետ կորչում է:

Ձեռքս քաշեցի ու ասացի.

— Ոտքերիդ արանքը նայիր, կեղտոտ:

Ոտքերի արանքը թաց էր, շալվարից կաթիլներ էին թափվում:

— Սա ի՞նչ է,- տենդագին ասաց նա:

— Տակդ ես շռել:

— Ճիշտ չէ,— զայրույթով ասաց նա,— չեմ շռել վրայիցս ոչ մի հոտ չի գալիս:

Բելգիացին մոտ էր եկել: Կեղծ կարեկցանքով հարցրեց.

— Դուք տառապո՞ւմ եք:

Թոմը չպատասխանեց: Բելգիացին անխոս նայեց թրջված տեղին:

— Չգիտեմ, սա ինչ բան է,— մտացնոր տեսքով ասաց Թոմը,— ախր չեմ վախենում: Երդվում եմ, որ չեմ վախենում:

Բելգիացին ոչինչ չասաց: Թոմը վեր կացավ ու գնաց անկյուն՝ միզելու: Շալվարը կոճկելով վերադարձավ, նստեց ու էլ ձայն չհանեց: Բելգիացին գրառում էր:

Երեքս էլ նրան էինք նայում, որովհետև նա ողջ էր: Ողջի շարժումներ ուներ, ողջի տագնապներ: Այս նկուղում նա սարսռում էր, ինչպես պիտի սարսռային ողջերը: Նա ուներ հնազանդ ու լավ սնված մարմին: Իսկ մենք, մենք այլևս չէինք զգում մեր մարմինները, համենայն դեպս, ոչ այնպես, ինչպես նա: Ուզում էի շոշափել շալվարս, ոտքերիս արանքը, բայց չէի համարձակվում: Նայում էի ոտքերին ամուր հենված, իր մկանների տերտիրական բելգիացուն, որը կարող էր մտածել վաղվա մասին: Իսկ մենք երեք ուրվական էին, երեք անարյուն ստվեր: Մենք նրան էինք նայում ու արնախումի պես ծծում նրա կյանքը:

Վերջապես նա մոտեցավ փոքրիկ Խուանին: Մասնագիտական նկատառումո՞վ շոյեց տղայի ծոծրակը, թե գութը շարժվեց նրա կրծքում: Եթե պատճառը գութն էր, ապա դա եղավ առաջին ու վերջին անգամը ողջ գիշերվա ընթացքում: Նա փաղաքշեց փոքրիկ Խուանի գլուխն ու ձեռքը: Փոքրիկը ձայն չէր հանում, անքթիթ նայում էր բելգիացուն, բայց հանկարծ ճանկեց ձեռքն ու խելահեղ հայացք նետեց նրան: Այդպես պահեց նրա ձեռքը իր երկար ձեռքերի մեջ, որոնց նայելը զզվելի էր. երկու գունաթափ չանչ, որ սեղմում էին մսոտ ու կարմրավուն մի թաթ: Ես գլխի էի ընկնում, թե ինչ է կատարվելու, Թոմը, երևի նույնպես, բայց բելգիացին կույրի պես ոչինչ չէր տեսնում, հայրաբար ժպտում էր: Սույն պահին փոքրիկը բերանը տարավ կարմիր ու հաստ թաթը և ուզեց կծել: Բելգիացին իսկույն ևեթ հետ քաշեց ձեռքը և երերալով մինչև պատը գնաց: Մի պահ սարսափահար մեզ նայեց, երևի հանկարծ գլխի էր ընկել, որ մենք իր նման մարդիկ չէինք: Ես սկսեցի ծիծաղել, և պահակներից մեկը վեր ցատկեց: Մյուսը աչքերը բաց քնած էր ճեփ-ճերմակ սպիտակուցները պսպղում էին:

Ինձ հոգնած էի զգում, բայց և գրգռված: Այլևս չէի ուզում մտածել, թե ինչ է լինելու արշալույսին, չէի ուզում մտածել մահվան մասին: Մտածելն անգամ իմաստ չուներ, դեմ էի առնում բառերի կամ դատարկության: Բայց հենց որ ուզում էի ուրիշ բանի մասին մտածել, ինձ ուղղված հրացաններ էի տեսնում: Երևի թե քսան անգամ անընդմեջ ես վերապրեցի իմ մահապատիժը: Մի անգամ նույնիսկ կարծեցի, թե այդ բանն իրոք կատարվել է, հավանաբար մի պահ քունս տարել էր: Նրանք ինձ քարշ էին տալիս դեպի պատը, իսկ ես դիմադրում էի, գթություն հայցում: Քնիցս վեր թռա ու նայեցի բելգիացուն: Վախեցել էի, թե քնիս մեջ գոռացել եմ: Բայց նա բեղերն էր սղալում, ոչինչ չէր նկատել: Եթե ուզենայի, գուցեև կարողանայի մի քիչ քնել երկու օր է, աչք չէի փակել, ուժասպառ էի եղել: Բայց չէի ուզում կյանքիցս թեկուզ երկու ժամ կորցնեի լուսաբացին կգային արթնացնելու, ես քնաթաթախ կհետևեի նրանց ու շունչս կփչեի առանց մի «ախ» ասելու: Այդպես չէի ուզում, չէի ուզում անասունի պես մորթվել, ուզում էի հասկանալ: Եվ հետո մղձավանջներից էի վախենում: Վեր կացա, այս ու այն կողմ արեցի և մտքերս ցրելու համար մտաբերեցի անցյալս: Հուշերի մի ամբողջ շարան խառնիխուռն հառնեց իմ առաջ: Կային լավ ու վատ հուշեր, համենայն դեպս, առաջ այդպես էի հավատացած: Հառնեցին դեմքեր ու դեպքեր: Դիմացս եկավ մի փոքրիկ նովիյերոյի դեմքը, որը պոզահարվել էր Վալենսիայում ֆերիայի ժամանակ, քեռուս դեմքը, Ռամոն Գրիսի դեմքը: Դեպքեր հիշեցի, թե ինչպես 1926-ին երեք ամիս գործազուրկ էի, ինչպես քիչ էր մնացել, որ սովից սատկեի: Հիշեցի, թե ինչպես Գրենադայում մի գիշեր նստարանին էի քնել, երեք օր էր, հաց չէի կերել, գազազել էի, չէի ուզում սատկել: Այդ հուշի վրա ժպտացի: Ինչպիսի ագահությամբ էի վազում երջանկության, կանանց, ազատության հետևից: Ինչի՞ համար: Ես կամեցել էի ազատագրել Իսպանիան, հիացել էի Պի ի Մարգալով, հարել անարխիստների շարժմանը, ելույթ ունեցել ժողովներում. ամեն ինչ լուրջ էի ընդունել, կարծես թե անմահ լինեի:

Այդ պահին ինձ այնպես թվաց, թե ողջ կյանքս առջևս է եկել, ու մտածեցի. «Այդ ամենը սուտ էր»: Կյանքս ոչինչ չարժեր, որովհետև վերջացել էր: Հարց էի տալիս, թե ինչպես կարող էի զբոսնել, աղջիկների հետ սիլի բիլի անել: Ճկույթս անգամ չէի շարժի, եթե մտքովս անցներ, որ այսպես եմ մեռնելու: Կյանքս աչքիս առաջ էր՝ ամփոփ, սեղմ, պարկի մեջ փակված, և սակայն այդ պարկում ինչ որ կար, անավարտ էր: Մի վայրկյան փորձեցի գնահատել ապրածս օրերը: Շատ կուզենայի ասել, գեղեցիկ կյանք էր: Բայց մի՞թե հնարավոր է դատողություն անել ուրվանկարի մասին: Ժամանակս վատնել էի հավերժության հետ սակարկելով, ոչինչ չէի հասկացել: Ոչինչ չէի ափսոսում, թեև այնքան բան կար, որ կարող էի ափսոսալ. մանձանիլիայի համը, կամ էլ ամառվա լոգանքները Կադիքսի ծովածոցում: Բայց մահը ամեն ինչ զրկել էր թովչանքից:

Բելգիացին անսպասելիորեն անհեթեթ մի միտք հղացավ.

— Բարեկամներս,— մեզ դիմեց նա,— ես պատրաստ եմ, պայմանով, որ ռազմական ղեկավարությունը չառարկի, ձեզնից մի երկտող, մի հիշատակ հանձնել նրանց, ովքեր սիրում են ձեզ…

Թոմը քրթմնջաց.

— Ես մարդ չունեմ:

Ես ձայն չհանեցի: Թոմը մի պահ սպասեց, ապա զարմանքով ինձ նայեց.

— Բան չե՞ս ուզում ասել Կոնչային:

— Ոչ:

Գարշելի էր, որ սիրտս բացել էի նրա առաջ. իզուր էի նախորդ գիշեր Կոնչայի մասին պատմել, պետք է զսպած լինեի ինձ: Մի տարի է, ինչ միասին էինք: Դեռ երեկ կացնով թևս կկտրեի, միայն թե մի հինգ րոպեով նորից տեսնեի նրան: Ահա թե ինչու էի պատմել, ուժ չունեի չպատմելու: Հիմա արդեն ցանկություն չունեի տեսնել Կոնչային, ասելու բան այլևս չկար: Նույնիսկ կրծքիս սեղմել չէի ուզենա. ես սարսափում էի իմ մարմնից, որովհետև լխկած էր ու քրտնաթոր, և համոզված չէի, որ նրա մարմնից էլ չեմ սարսափի: Երբ Կոնչան մահս իմանար, լաց էր լինելու, ամիսներ շարունակ ապրելուց հաճույք չէր զգալու: Հետո. ինչ, չէ՞ որ մեռնողը ես էի: Վերհիշեցի նրա գեղեցիկ, քնքուշ աչքերը: Երբ ինձ էր նայում, նրանից ինչ-որ անբացատրելի տաքություն էր անցնում ինձ: Բայց մտածեցի, որ հիմա այդպես չէր լինի. եթե հիմա նայեր, հայացքը պաղ կմնար, ինձ չէր հասնի: Ես մենակ էի:

Թոմը նույնպես մենակ էր, բայց այլ կերպ: Նա հեծել էր նստարանը, ու դեմքին զարմացած, տարակուսած ժպիտ էր խաղում: Ձեռքն առաջ տարավ ու զգուշությամբ կարծես վախենալով ինչ-որ բան կոտրել, շոշափեց նստարանի փայտը, հետո մի անգամից ձեռքը հետ քաշեց ու սարսռաց: Եթե ես Թոմը լինեի, մտքովս անգամ չէր անցնի նստարանը շոշափել: Եվս մի իռլանդական խեղկատակություն, թեև ինձ էլ էր թվում, որ իրերը արտառոց տեսք ունեին սովորականից ավելի աղոտ էին, տձև: Բավական էր նայեի նստարանին, լապտերին, ածխակույտին, որ ինձ համակեր շուտափույթ մեռնելուս միտքը: Բնականաբար, չէի կարողանում պարզորոշ պատկերացնել իմ մահը, բայց այն տեսնում էի ամենուր, իրերի մեջ, այն ձևի մեջ, որով իրերը նահանջել ու հեռու էին մնում՝ գաղտնապահ, ինչպես մահամերձի սնարի մոտ շշուկով խոսող մարդիկ: Նստարանը շոշափելիս Թոմը դիպել էր իր մահվանը: Իր վիճակում, եթե հայտնեի, որ կարող եմ հեշտ ու հանգիստ տուն վերադառնալ, որ կյանքս ինձ են բաշխում անտարբեր կմնայի, սպասում էի մի քանի ժամ, թե մի քանի տարի ի՞նչ տարբերություն, երբ մարդ կորցրել է հավերժական լինելու պատրանքը: Ինձ այլևս ոչինչ չէր հուզում, այդ իմաստով հանդարտվել էի: Բայց այդ հանդարտությունը սոսկալի էր՝ մարմնիս պատճառով: Ես տեսնում էի մարմնիս աչքերով, լսում մարմնիս ականջներով, բայց այն այլևս իմը չէր: Քրտնում ու սրթսրթում էր ինքն իրեն, ու ես չէի ճանաչում այն: Ստիպված էի շոշափել ու զննել ինքս ինձ, որպեսզի իմանայի, թե ինչ է կատարվում մարմնիս հետ, կարծես թե ուրիշինը լիներ, ոչ թե իմը: Որոշ պահերի դեռևս զգում էի այն, զգում էի, թե ինչպես է ներսս տակնուվրա լինում, երբ ասես ինքնաթիռը սրընթաց ներքև խոյանա, կամ էլ զգում էի, թե ինչպես է սիրտս բաբախում: Բայց դա ինձ չէր անհանգստացնում, այն ամենն ինչ մարմնիս էր առնչվում, նողկալի, արտառոց մի բան էր հիշեցնում: Մարմինս մեծ մասամբ լուռ էր, հանգիստ էր պահում իրեն, ու այլևս ոչինչ չէի զգում, բացի մի անորոշ ծանրությունից, խորթ մի ներկայությունից, որ անտանելի էր: Ինձ այնպես էր թվում, թե մի հսկայական ճիճուից եմ կապված: Մի պահ շոշափեցի շալվարս ու զգացի, որ թաց է: Չգիտեի, քրտինքից է թրջվել, թե մեզից, բայց զգուշության համար գնացի դեպի ածխակույտը՝ միզելու:

Բելգիացին ժամացույցը հանեց ու նայեց: Հետո ասաց.

— Երեքն անց է կես:

Կեղտոտի մեկը: Հաստատ դիտմամբ ասաց: Թոմը վեր ցատկեց: Մենք դեռ չէինք նկատել, որ ժամանակը հոսում է: Գիշերը պարուրել էր մեզ ինչպես մի տձև ու մութ զանգված, չէի էլ հիշում, որ սկսվել էր:

Փոքրիկ Խուանը սկսեց գոռգոռալ: Ձեռքերը ոլորելով աղերսում էր:

— Ես չեմ ուզում մեռնել, ես չեմ ուզում մեռնել:

Ձեռքերը վեր մեկնած՝ նա վազեց նկուղի երկայնքով, հետո փռվեց ներքնակի վրա ու հեծկլտաց: Թոմը մռայլ աչքերով նրան էր նայում ու չէր ցանկանում նույնիսկ սփոփել: Ասենք, դրա կարիքը չկար. փոքրիկը մեզնից շատ էր աղմկում, բայց ավելի տոկուն էր գտնվել: Նա նման էր մի հիվանդի, որ ախտի դեմ պայքարում է ջերմությամբ: Շատ ավելի ծանր է, երբ ջերմություն չի լինում:

Նա լալիս էր: Ինձ համար ակներև էր, որ ինքն իրեն է խղճում: Նա չէր մտածում մահվան մասին: Մի վայրկյան, մեն մի վայրկյան ինքս էլ ուզեցա լացել, ինքս ինձ խղճալ ու լացել: Բայց պատահեց հակառակը՝ հայացք նետեցի փոքրիկին, տեսա հեծկլտոցից ցնցվող նիհար ուսերը ու զգացի, որ դարձել եմ անգութ: Ես ընդունակ չէի խղճալ ոչ ուրիշներին, ոչ ինձ: Մտքումս ասացի. «Ուզում եմ տղամարդու պես մեռնել»:

Թոմը ելել էր տեղից, կանգնել էր առաստաղի կլոր անցքի ճիշտ ներքևը ու դարանամուտ սպասում էր լուսաբացին: Իսկ ես համառում էի, մտքումս միայն մի բան էր՝ մեռնել տղամարդու պես: Ու սկսած այն պահից, ինչ բժիշկը մեզ ասել էր ժամը, հոգուս խորքում զգում էի, որ ժամանակը սահում է, կաթիլ առ կաթիլ հոսում:

Դեռ մութ էր, երբ լսեցի Թոմի ձայնը.

— Ձայներ առնո՞ւմ ես:

— Այո:

Բակում ոտնաձայներ էին լսվում:

— Ի՞նչ գործ ունեն այնտեղ: Մթան մեջ հո չեն կրակելու:

Քիչ անց ձայն, երբ լռեցին: Թոմին ասացի.

— Ահա և լուսաբացը:

Պեդրոն հորանջելով վեր կացավ ու փչեց լապտերի վրա:

— Ցրտից կոտորվեցինք,— ասաց ընկերոջը:

Նկուղում արդեն լույս էր: Հեռվում կրակոցներ լսեցինք:

— Սկսվում է,— ասացի Թոմին,— հետևի բակում են գործը տեսնում:

Թոմը բժշկից ծխախոտ խնդրեց: Ես չէի ուզում: Ոչ ծխախոտ էի ուզում, ոչ ալկոհոլ: Այդ պահից սկսած կրակոցները չէին դադարում:

— Պատկերացնո՞ւմ ես,— ասաց Թոմը:

Ուզում էր ինչ-որ բան ավելացնել, բայց լռեց, դռանն էր նայում: Դուռը բացվեց և չորս զինվորների ուղեկցությամբ մի լեյտենանտ մտավ: Թոմի ձեռքից ծխախոտն ընկավ:

— Ստայնբոկ:

Թոմը ձայն չհանեց: Պեդրոն մատնացույց արեց նրան:

— Խուան Միրբա՞լ:

— Ներքնակին նստածն է:

— Վեր կացեք,— ասաց լեյտենանտը:

Խուանը տեղից չշարժվեց: Երկու զինվոր բռնեցին թևատակերից ու ոտքի կանգնեցրին: Բայց հենց որ թողեցին՝ նորից ընկավ:

Զինվորները վարանեցին:

— Առաջինը չէ, որ վատ է զգում,— ասաց լեյտենանտը:— Դուք երկուսդ, ձեռքերի վրա տարեք, այնտեղ մի բան կանենք:

Նա շրջվեց դեպի Թոմը:

— Դե, եկեք:

Թոմը երկու զինվորի ուղեկցությամբ դուրս եկավ: Հետևից մյուս երկուսն էին գնում: Նրանք փոքրիկին տանում էին թևատակերից ու սրունքներից բռնած: Նա ուշաթափված չէր: Աչքերը լայն բացված էին և այտերն ի վար արցունքի կաթիլներ էին հոսում: Երբ ուզեցի դուրս գալ, լեյտենանտը հետ պահեց ինձ.

— Իբիետան դո՞ւք եք:

— Այո:

— Այստեղ սպասեք, քիչ հետո ձեր հետևից կգան:

Նրանք դուրս եկան: Բելգիացին ու երկու բանտապահները՝ նույնպես: Մնացի մենակ: Չէի հասկանում, թե ինչ էր կատարվում ինձ հետ, բայց կգերադասեի, որ անմիջապես վերջս տային: Գրեթե համաչափ դադարներով համազարկեր էին լսվում: Ամեն անգամ ցնցվում էի: Ուզում էի ոռնալ ու մազերս պոկել, բայց ատամներս սեղմում էի ու ձեռքերս խրում գրպաններս, որովհետև ուզում էի տղամարդու պես մեռնել:

Իմ հետևից եկան մի ժամից ու տարան երկրորդ հարկի մի փոքր սենյակ, որը սիգարի ծխով էր լցված, և որի տաքությունն ինձ հեղձուցիչ թվաց: Սենյակում երկու սպա կային: Բազկաթոռին նստած ու ծնկներին թղթեր դրած՝ ծխում էին:

— Քո անունը Իբիե՞տա է:

— Այո:

— Որտե՞ղ է Ռամոն Գրիսը:

— Չգիտեմ:

Ինձ հարցաքննողը կարճահասակ էր ու գեր: Ակնոցի տակից զգացվում էր դաժան հայացքը:

— Մոտ արի,— ասաց նա:

Մոտեցա: Նա վեր կացավ, թևերս բռնեց ու այնպես նայեց, ասես ուր որ է դժոխքի բաժին եմ դառնալու: Միևնույն ժամանակ ամբողջ ուժով մկաններս էր սեղմում: Ոչ թե ցավ պատճառելու, այլ ինձ իրեն ենթարկելու ցանկությամբ: Նաև հարմար էր գտնում իր գարշելի շունչը ուղիղ դեմքիս փչել: Մի պահ այդ վիճակում մնացինք, և ես հազիվ զսպեցի ծիծաղս: Մահվան հևքն զգացող մարդուն ահաբեկելու համար ավելի զորեղ բան էր պետք: Նրա ուժը չէր պատում: Նա կոպտորեն հրեց ինձ ու տեղը նստեց: Հետո ասաց.

— Քո կյանքը նրա կյանքի դիմաց: Եթե տեղն ասես, քեզ ողջ կթողնենք:

Այդ երկու պճնազարդ սպաները իրենց մտրակներով ու երկարաճիթ կոշիկներով, այնուամենայնիվ, մարդիկ էին, որոնք մեռնելու էին: Մի քիչ ավելի ուշ, քան ես, բայց ոչ շատ ուշ: Եվ այդքանից հետո զբաղված էին իրենց թղթերում անուններ փնտրելով, ուրիշներին հալածելով, բանտարկելով ու ոչնչացնելով: Նրանք իրենց կարծիքն ունեին Իսպանիայի ապագայի և ուրիշ հարցերի վերաբերյալ: Նրանց ճղճիմ գործերը ինձ թվում էին անտեղի ու զավեշտական: Ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ նրանց ու ինձ թվում էր, թե գործ ունեմ խենթերի հետ:

Կարճահասակ ու գեր սպան, թշիկները մտրակելով, անընդհատ ինձ էր նայում: Յուրաքանչյուր շարժում այն հաշվով էր անում, որ ճարպիկ ու արյունարբու գազանի տպավորություն թողնի:

— Դե ինչ, պա՞րզ է:

— Ես չգիտեմ, թե որտեղ է Գրիսը,— պատասխանեցի ես,— կարծում էի, Մադրիդում է:

Մյուս սպան անփութորեն թափ տվեց իր դժգույն ձեռքը: Այդ անփութությունը նույնպես հաշվարկված էր: Ես տեսնում էի նրանց բոլոր մանր խորամանկությունները ու ապշում, որ կան մարդիկ, որ ընդունակ են դրա մեջ հաճույք գտնել:

— Մտածելու համար քառորդ ժամ եմ տալիս,— ծոր տալով ասաց նա:— Լվացքատուն տարեք սրան, տասնհինգ րոպեից կբերեք: Եթե շարունակի համառել, տեղն ու տեղը հաշիվը կմաքրենք:

Նրանք գիտեին, թե ինչ են անում: Ողջ գիշերը սպասումի մեջ էի անցկացրել: Դրանից հետո մի ամբողջ ժամ նկուղում էին պահել, քանի դեռ գնդակահարում էին Թոմին ու Խուանին, հիմա էլ լվացքատանն էին փակում: Հավանաբար նախորդ օրն էին ծրագրել այս ամենը: Մտածում էին, որ մարդու ջղերը ի վերջո չեն դիմանում, և հույս ունեին այսպիսով ինձ կոտրել:

Նրանք չարաչար սխալվում էին: Լվացքատանը աթոռակի վրա նստեցի, քանի որ շատ թույլ էի ու սկսեցի մտածել: Բայց ոչ թե նրանց առաջարկի շուրջը: Ինչ խոսք, որ ես գիտեի Գրիսի տեղը: Նա թաքնվել էր իր զարմիկների տանը՝ քաղաքից չորս կիլոմետրի վրա: Գիտեի նաև, որ չեմ հայտնի թաքստոցի տեղը, եթե միայն չխոշտանգեին (բայց կարծես, միտք չունեին): Այս ամենը եղած հաշիվ էր, վերջացած հաշիվ ու այլևս չէր հետաքրքրում ինձ: Միակ բանը, որ կուզենայի հասկանալ, իմ վարքագծի պատճառն էր: Գերադասում էի սատկել, քան թե մատնել Գրիսին: Ինչո՞ւ: Ես այլևս չէի համակրում Ռամոն Գրիսին: Մտերմությունը, որ զգում էի նրա հանդեպ, մեռել էր արշալույսից քիչ առաջ, ինչպես որ մեռել էր սերս Կոնչայի հանդեպ, ինչպես որ մեռել էր ապրելու իղձս: Իհարկե, դեռևս հարգում էի նրան, տոկուն մարդ էր: Բայց այդ պատճառով չէ, որ հոժարակամ մեռնելու էի նրա փոխարեն: Նրա կյանքը ավելի մեծ արժեք չուներ, քան իմը: Ոչ մի կյանք արժեք չուներ: Մարդուն դեմ էին տալու պատին ու կրակելու էին, մինչև որ շանսատակ անեն: Ես էի լինելու այդ մարդը, թե Գրիսը, թե ուրիշ մեկը՝ ի՞նչ տարբերություն: Ես գիտակցում էի, որ Իսպանիայի համար նա ավելի օգտակար էր, քան ես, բայց թքած Իսպանիայի վրա էլ անարխիայի էլ, ոչինչ այլևս կարևորություն չուներ: Եվ սակայն ես այստեղ էի, ես կարող էի Գրիսին մատնելով կաշիս փրկել: Հրաժարվում էի այդ անել: Զավեշտական իրավիճակ. մեղավորը իմ համառությունն էր: Ես մտածեցի. «Ո՞ւմ է պետք քո համառությունը»: Եվ ինձ համակեց տարօրինակ մի հրճվանք:

Նրանք եկան իմ հետևից ու տարան երկու սպաների մոտ: Մեր ոտքերի տակից մի առնետ փախավ, ու դա ինձ զվարճացրեց: Շուռ եկա փաղանգականներից մեկին ու ասացի.

— Առնետին տեսա՞ք:

Չպատասխանեց: Մռայլ էր, ամեն ինչ լուրջ էր ընդունում: Իսկ իմ ծիծաղը գալիս էր, թեև զսպում էի ինձ, վախենալով, որ եթե սկսեմ, այլևս հնար չի լինի կանգ առնել: Փաղանգականը բեղավոր էր: Ես ավելացրի.

— Լավ կլինի, բեղերդ խուզես, սրիկա:

Այնքան տարօրինակ էր, որ ողջ էր, բայց թողնում էր, որ դեմքը մազակալի: Երկչոտ մի քացի տվեց ինձ, ու ես լռեցի:

— Դե ի՞նչ,— հարցրեց գիրուկ սպան,— մտորեցի՞ր: Հետաքրքրասիրությամբ նրանց նայեցի, կարծես հազվադեպ հանդիպող միջատներ լինեին և ասացի.

— Ես գիտեմ նրա տեղը: Նա թաքնվել է գերեզմանոցում: Դամբարաններից մեկում կամ էլ գերեզմանափորների խրճիթում :

Ասացի, որ վրաները կուշտ ու կուռ ծիծաղեմ: Ուզում էի տեսնել, թե ինչպես են վեր ցատկելու, գոտիները ամրացնելու և հապճեպ հրամաններ արձակելու: Նրանք ոտքի ցատկեցին:

— Դե շուտ, Մոլես, լեյտենանտ Լոպեսից տասնհինգ հոգի ուզեք: Իսկ դու,— ինձ դիմեց կարճլիկ գիրուկը,— եթե չես ստել, խոսք չունեմ ասելու: Իսկ եթե ձեռ ես առել, թանկ կվճարես:

Նրանք իրար հրմշտելով դուրս գնացին, իսկ ես փաղանգականների հսկողության տակ հանգիստ սկսեցի սպասել: Մերթընդմերթ ժպտում էի, որովհետև պատկերացնում էի, թե ինչպես են դեմքերը այլայլվելու: Մեջս խոսում էր վայրագ ու չարամիտ մի ոգի: Պատկերացնում էի, թե ինչպես են շուռ տալիս շիրմաքարերը, մեկը մյուսի հետևից ջարդում դամբարանների դռները: Կողմնակի դիտողի աչքերով էի նայում հերոս խաղացող այդ պնդաճակատ բանտարկյալին և այդ լրջադեմ բեղավոր փաղանգականներին, շիրիմների մեջ վազվզող համազգեստավոր այդ մարդկանց ու մտածում, թե որքան ծիծաղելի էր այդ ամենը:

Կես ժամից կարճլիկ գիրուկը վերադարձավ մենակ: Կարծեցի, թե ուր որ է կհրամայի, որ ինձ գնդակահարեն: Մյուսները հավանաբար գերեզմանոցում էին մնացել: Սպան ինձ նայեց: Տեսքն ամենևին էլ շփոթահար չէր.

— Տարեք մեծ բակը, մյուսների մոտ,— հրամայեց նա: — Ռազմական գործողությունների ավարտին սրա բախտը կվճռի սովորական ատյանը:

Ինձ թվաց, թե չեմ հասկացել: Ես հարցրի.

— Ուրեմն, ինձ… չե՞ն գնդակահարելու…

— Հիմա, համենայն դեպս, ոչ: Իսկ հետո իմ գործը չէ:

Դեռևս չէի հասկացել:

— Բայց ինչո՞ւ,— հարցրի ես:

Չպատասխանեց, միայն ուսերը թոթվեց, ու զինվորներն ինձ տարան: Մեծ բակում հարյուրի չափ բանտարկյալ կար. կանայք, երեխաներ, մի քանի ծերունի: Սկսեցի պտտվել կենտրոնում գտնվող մարգագետնի շուրջը, դեռ ուշքի չէի եկել: Կեսօրին ճաշարանում մեզ հաց տվեցին: Երկու-երեք հոգի կանչեցին ինձ: Կարծես թե ծանոթ էին, բայց ձայն չհանեցի. Արդեն չէի էլ իմանում, թե որտեղ եմ գտնվում:

Երեկոյան դեմ բակ բերեցին տասը տասներկու նոր բանտարկյալների: Ճանաչեցի հացթուխ Գարսիային:

— Գրողի տարած,— ասաց նա ինձ,— մտքովս չէր անցնի, թե քեզ ողջառողջ կտեսնեմ:

— Նրանք ինձ մահվան էին դատապարտել, — ասացի ես,— հետո մտքները փոխեցին: Չգիտեմ ինչու:

— Ինձ ձերբակալեցին ժամը երկուսին, — ասաց Գարսիան:

— Ինչո՞ւ:

Գարսիան հեռու էր քաղաքականությունից:

— Չգիտեմ,— ասաց նա,— նրանք ձերբակալում են բոլոր նրանց, ովքեր իրենց պես չեն մտածում:

Նա ձայնը իջեցրեց.

— Գրիսին էլ են ձեռքները գցել:

Սկսեցի դողալ:

— Ե՞րբ:

— Այս առավոտ: Հիմարություն էր արել երեքշաբթի օրը զարմիկի հետ վիճել էր ու տնից թողել գնացել: Իհարկե, նրան ապաստան տվողներ կգտնվեին, բայց նա այլևս ոչ մեկին չէր ուզում պարտական լինել: Նա ասել էր . «Ես Իբիետայի տանը կթաքնվեի, բայց, քանի որ բռնել են, կթաքնվեմ գերեզմանոցում»:

— Գերեզմանոցում:

— Այո: Ինչ հիմարություն: Նրանք էլ այս առավոտ գերեզմանոցը տակնուվրա արին, պարզ է, օրերից մի օր պիտի անեին: Գերեզմանափորների խրճիթում գտան: Նա կրակ էր բացել, բայց ի վերջո բռնվել էր:

— Գերեզմանոցում:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ, Գրական ակումբ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s