Անձրև: Վ. Անանյան

Без названия  Սիրում եմ անձրևը, երբ նոսր վարագույրներով կախվում է սևագորշ ամպերից և տիեզերական ցնցուղի նման իր տարափի տակ առնում հանդ ու անդաստան:
Սիրում եմ շռնդալի անձրևը՝ ջրառատ, ծանր, որ աղմկալի հարվածում է տանիքներին ու ջրհորդաններով գահավիժում ցած , և որին սաղարթախիտ ծառերը, միայն վայրկյաններ դիմադրելուց հետո , թևաթափ ու խոնարհ հնազանդվում են լուռ: Հանկարծահաս հորդ անձրևը, անակնկալ տեղատարափը,որ հեղեղում է արար աշխարհ և շեկ առվակներով իջնում մեր լեռների լանջերից: Սիրում եմ անձրևը ամառվա երկարատև երաշտին,երբ թոշնած բույսերը ուշքի են գալիս և վերակենդանացող արարածների նման <<օխայ>> են քրթմնջում հրճվանքով: Սիրում եմ և գարնանամտի անձրևը,որին ուղեկցում են ամպերի առաջին որոտներն ու հրեղեն կայծակները,որոնք կարծես գարնան առաջին համբավաբերներն են,նրա հաղթական մուտքն ազդարարողները: Սիրում եմ անձրևը իր բոլոր ձևերով,իր բոլոր արտահայտություններով: Սիրում եմ և՛ գարնան ուրախ անձրևը,որ անթիվ կյանքեր է արթնացնում երկրի վրա, և՛ աշնան մելամաղձոտ ու տևական անձրևը,որ թախիծ է բերում ու տխուր հուշեր: Երբ սկսվում է անձրևը,ես դուրս եմ գալիս ու քայլում բաց երկնքի տակ: Թող թափվի՛ բոլոր կյանքերին կյանք տվող երկնային հեղուկը:
…Ասում են ,ես անձրևի տակ եմ ծնվել և , երբ աշխարհ եկա՝առաջին ձայները, որ լսեցի՝ ամպի գոռոցն էր և անձրևի շռնդալի թմբկահարությունը:
Գոռգոռում են ամպերը , կայծակը խփում է դիմացի ժայռին, և ահաբեկված մայրս այդ պահին աշխարհ է բերում ինձ ՝ հազար տեղից կարկատած մեր վրանում:
Դա օգոստոսն էր , բայց այնպես ցուրտ էր մեր սարերում, որ շներն անգամ դողում էին իրենց բներում:
Առանց մորս համաձայնությունը հարցնելու , շալը կապել են նրա մեջքից, ինձ խանձարուրով գցել մեջը: Իմ բոբիկ մայրը լեռան լանջով բարձունքից քայլել է դեպի հովիտը: Քայլել է դեպի տաքը, դեպի արևը՝ իր վերջին զավակին գազազած տարերքից փրկելու համար…
Ահը սրտում իջել է մայրս լեռներից՝ իր մեջքին զգալով այն փոքրիկ արարածի գոյությունը, իջել է ամպերի միջից: Պետք է որ մայրս թաքուն բերկրանք զգար իր սրտի տակ , բարի արևից ջերմացած այն հովիտն իջնելիս: Բայց և երկյուղ է ունեցել իր սրտում, մինչև ոսկորները թրջված այդ գեղջկուհին, երկյուղ ինձ համար:
Ես տրոփում էի նրա նիհար մեջքին , և նա զգում էր ,որ դեռևս կենդանի եմ:
Կես դար է անցել այդ օրերից : Դու վաղուց ննջում ես հողի տակ ,աղոտ եմ հիշում քո սուրբ պատկերը, վաղամեռ մա՛յր իմ: Բայց հիմա էլ պարզ ու հստակ տեսնում եմ քեզ՝ ցուպը ձեռքիդ , ոտաբոբիկ, քոչվոր թրքուհու նման բեռդ թիկունքիցդ կապած ՝ մեր ամպոտ սարերից հովիտն ես իջնում:
Կայծակից ու որոտից փախցնում էիր ինձ՝ քո վերջին պտուղը:

   Հարցեր և առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր կապույտով գրված բառերը, գրի՛ր հոմանիշները:
  2. Նարնջագույնով գրված նախադասությունները մեկնաբանի՛ր:
  3. Ի՞նչ տարբերություն է դնում հեղինակը  գարնանային և աշնանային անձրիևների միջև:
  4. Տեքստից դո՛ւրս գրիր անձրևը բնութագրող և նկարագրող 10 բառ:
  5. Բացատրի՛ր  անձրևի, մոր  և հեղինակի կապը:

 

 

 

 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Գրականություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s