Մոգերի ընծաները: Օ.Հենրի

Без названия.jpg

I

Մի դոլար ութսունյոթ ցենտ: Ընդամենը այդքան էր: Որից վաթսուն ցենտ` մեկ ցենտանոց մետաղադրամներով: Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը: Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:

Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը: Դելան հենց այդպես էլ վարվեց: Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են:

Մինչ տանտիրուհին կանցնի այդ բոլոր փուլերը, աչքի անցկացնենք տունը: Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով: Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին: Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն էր, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել: Դրան կցված էր «Մ. Ջեյմս Դիլինգհեմ Յունգ » մակագրությամբ մի քարտ: «Դիլինգհեմը»  բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում: Իսկ այժմ  «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:  Սակայն երբ միստր   Ջեյմս Դիլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում վերին հարկ, նրան մշտապես դիմավորում էին «Ջիմ» բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները միսիս Ջեյմս  Դիլինգհեմ Յունգի, որին ձեզ արդեն ներկայացրել ենք Դելա անվամբ: Իսկ դա, հիրավի, շատ հաճելի է:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

մոգ, սակարկել, նպարավաճառ, օթոց, շքամուտք, հավակնոտ:

2. Բացատրիր տրված մտքերը՝ նախ ընդգծված արտահայտությունները բացատրելով:

• Մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը:

• Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին:

• «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝ դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:

3. Գտիր այն բառակապակցությունները և նախադասությունները, որտեղ արտահայտված է.

• Դիլինգհեմ ընտանիքի սկզբում լավ  ապրելը,

•Դիլինգհեմ ընտանիքի հետագայում աղքատացած լինելը:

4. Հեղինակի խոսքում առաձնացրու (դուրս գրիր) հատվածներ, որտեղ պատումը առավել անմիջական և անկեղծ է:

II

Դելան դադարեց արտասվելուց և խավափնջիկով թեթևակիորեն դիմափոշի քսեց այտերին: Այժմ նա կանգնել էր պատուհանի մոտ և թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին:

Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար: Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր: Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա: Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր: Միշտ էլ այդպես է լինում: Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ: Իր Ջիմի համար: Քանի-քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին: Ինչ-որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը գեթ փոքր-ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին:

Մի մեծ հայելի էր դրված լուսամուտների միջև: Երբևիցե առիթ ունեցե՞լ եք նայելու ութդոլարանոց կահավորված բնակարանում դրված հայելուն: Դիտելով նրա նեղ փեղկերում արտացոլվող իրար հաջորդող փոփոխությունները՝շատ նիհար ու շարժուն մարդը կարող է բավականին ճիշտ պատկերացում կազմել իր արտաքինի մասին: Նրբակազմ Դելային հաջողվել էր տիրապետել այդ արվեստին:

Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին: Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց: Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը:

Ի դեպ,  Ջեյմս  Դիլինգհեմ Յունգ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ: Մեկը Ջիմի` հորից և պապից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը` Դելայի մազերը: Եթե թագուհին ապրեր դիմացի տանը, գլուխը լվանալուց հետո Դելան անպայման լուսամուտի մոտ կչորացներ արձակած մազերը հատուկ նրա համար, որ նսեմացներ նորին մեծություն թագուհու բոլոր զգեստների ու զարդերի փայլը: Եթե թագավորը որպես բարապան ծառայեր նույն տանը և նկուղում պահեր իր ողջ հարստությունը, նրա մոտով անցնելիս Ջիմն ամեն անգամ գրպանից կհաներ ժամացույցը հատուկ նրա համար, որպեսզի տեսներ, թե ինչպես է նա նախանձից փիտում մորուքը:

Եվ ահա Դելայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը: Սակայն Դելան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը: Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու-երեք կաթիլ ընկավ հնամաշ կարմիր գորգին:

Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում՝նա արդեն սլանում էր ներքև` փողոց:

Հարցեր և առաջադրանքներ

5. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

բերկրալի, հերակալ, նսեմացնել, բարապան

6. Ի՞նչ է տալիս տվյալ պատկերին գորշ մակդիրի կրկնությունը:

Դելան թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին:

7. Առաջին մասից գտիր և գրիր հետևյալ մտքին հոմանիշ միտք.

Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ

եղածն ընդամենը այդքան էր:

8.  Ինչո՞ւ է հեղինակը կարևորել հատկապես հայելու նկարագրությունը:

9. Ո՞ր բառակապակցություններից և նախադասություններից է երևում, որ՝

• Դելան  ուրախ էր մազերը կտրելու մտքի համար,

• անհանգստանում էր մազերը կտրելու մտքից:

III

Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր.»Մադամ Սոֆրոնի, մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք՚: Դելան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց:

— Մազերս չե՞ք գնի,- հարցրեց մադամին:

— Մազեր գնում եմ,- պատասխանեց մադամը:- Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տեսնեմ:

Կրկին կոհակեց շագանակագույն ջրվեժը:

— Քսան դոլար,- ասաց մադամը` հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան:

— Շտապ տվեք,- ասաց Դելան:

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա (ներողություն եմ խնդրում ծեծված փոխաբերության համար): Դելան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար:

Վերջապես գտավ: Տարակույս չկար. այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար: Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել: Դա գրպանի ժամացույցի պլատինե շղթա էր, որը գերում էր ոչ թե իր ցուցադրական փայլով, այլ պարզ ու անպաճույճ զարդանախշով, անթերի որակով, այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը: Այն թերևս կարելի է արժանի համարել այդ ժամացույցին: Հենց որ Դելան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին: Դա այնպիսին էր, ինչպիսին էր Ջիմն ինքը. համեստություն ու արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ: Հարկ եղավ դրամարկղ մուծել քսանմեկ դոլար, և Դելան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ: Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և նայել, թե ժամը քանիսն է: Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից:

Տանը Դելայի աշխուժությունը հանդարտվեց` իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը: Նա վերցրեց մազերը գանգրացնելու ունելին, վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը: Իսկ դա, բարեկամներս, միշտ էլ ծանր աշխատանք է, հսկայական աշխատանք:

Քառասուն րոպե էլ չէր անցել, երբ նրա գլուխը ծածկվեց շատ մանր խոպոպիկներով, որոնք նրան զարմանալիորեն նմանեցրին դասից փախած փոքր տղայի: Դելան երկարատև, քննախույզ մի հայացքով նայեց հայելուն:

«Դե,- ասաց նա ինքն իրեն,- եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ խմբերգչուհու: Սակայն ի՞նչ կարող էի անել, ա¯խ, ի՞նչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»:

Հարցեր և առաջադրանքներ

10. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

ավետել, կոհակել, ունելի, անպաճույճ:

11. Գրի’ր տրված մտքին իմաստով մոտ կամ նույն իմաստն արտահայտող մտքեր:

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա:

12. Բացատրի’ր տրված մտքերը:

• Տանը Դելայի աշխուժությունը հանդարտվեց` իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը:

• Վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը:

IV

Ժամը յոթին սուրճն արդեն պատրաստ էր, և շիկացած թավան գազօջախի վրա սպասում էր ոչխարի մսից կոտլետներին:

Ջիմը երբեք չէր ուշանում: Դելան ձեռքի մեջ սեղմեց պլատինե շղթան և նստեց սեղանի ծայրին մոտ՝մուտքի դռանն ավելի մոտիկ: Շուտով լսեց ներքևի սանդուղքից եկող նրա ոտնաձայնները և մի պահ գունատվեց: Նա սովորություն ուներ ամեն տեսակի առօրյա մանրուքների առիթով կարճ աղոթքով դիմելու Աստծուն և փութով մրմնջաց.»Տեր Աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց՚:

Դուռը բացվեց: Ջիմը ներս մտավ և ետևից փակեց այն: Նրա դեմքը նիհար էր, մտահոգ: Հեշտ բան չէր քսաներկու տարեկան հասակում ծանրաբեռնված լինել ընտանիքով: Նրան արդեն վաղուց նոր վերարկու էր պետք, ձեռքերն էլ սառչում էին առանց ձեռնոցների:

Լորի հոտն առած շան պես Ջիմը քար կտրած կանգնած մնաց դռան մոտ: Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելան չկարողացավ հասկանալ և սարսափեց: Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում. ոչ մեկը այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:  Ջիմը պարզապես նայում էր` հայացքը չկտրելով նրանից, և նրա դեմքը չէր փոխում իր տարօրինակ արտահայտությունը:

Դելան վեր թռավ սեղանի մոտից և նետվեց դեպի ամուսինը:

— Ջիմ, սիրելիս,- գոչեց նա,- այդպես մի նայիր: Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին: Չես բարկանում, չէ՞: Այլ կերպ չէի կարող: Մազերս շատ արագ են աճում: Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը: Եթե իմանաս` ի¯նչ հրաշալի, ի¯նչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար:

— Մազերդ կտրե՞լ ես,- հարցրեց Ջիմը մի տեսակ ճիգով. թեև ուղեղը լարված աշխատում էր, բայց տակավին չէր կարողանում ըմբռնել այդ փաստը:

— Այո’, կտրել և վաճառել եմ,- ասաց Դելան:- Բայց չէ՞ որ դու, միևնույն է, կսիրես ինձ: Չէ՞ որ չեմ փոխվել, չնայած կարճ են մազերս:

Ջիմը շվարած նայեց շուրջը:

— Ուրեմն հյուսերդ այլևս չկա՞ն,- հարցրեց նա անմիտ համառությամբ:

— Մի փնտրիր, չես գտնի,- ասաց Դելան:- Չէ՞ որ ասում եմ, որ վաճառել եմ, կտրել եմ ու վաճառել: Այսօր նավակատիք է, Ջիմ: Քնքուշ եղիր ինձ հետ, քանի որ հանուն քեզ եմ դա արել: Թերևս հնարավոր է հաշվել գլխիս մազերը,- շարունակեց նա, և նրա քնքուշ ձայնը հանկարծ լրջորեն հնչեց,- սակայն ոչ ոք, ոչ ոք չի կարող չափել քո հանդեպ ունեցած իմ սերը: Կոտլետները տապակե՞մ, Ջիմ:

Ջիմը դուրս եկավ ընդարմացած վիճակից: Նա գիրկն առավ իր Դելային: Համեստ գտնվենք և մի քանի վայրկյան զբաղվենք որևէ կողմնակի առարկայի քննությամբ: Ո՞րն է շատ՝շաբաթը ութ դոլա՞րը, թե՞ տարին մեկ միլիոնը: Մաթեմատիկոսը կամ իմաստունը սխալ կպատասխանեն ձեզ: Մոգերը թանկարժեք ընծաներ բերեցին (ՙՆոր կտակարանում՚ ասվում է այն մասին, որ մոգերը ոսկի, թանկարժեք ընծաներ են բերում տիրամայր Մարիամին` Հիսուսին լույս աշխարհ բերելու համար): Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր: Բայց այդ մշուշապատ ակնարկների պարզաբանումը՝հետո:

Հարցեր և առաջադրանքներ

13. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

նավակատիք, ընդարմանալ:

14. Դուրս գրիր հատվածներ, որտեղ երևում է, որ Դելան`

• հուզված է,

• վախեցած է:

15. Փորձիր մեկ բառով կամ բառակապակցությամբ բնորոշել, թե ինչպիսին է հայացքը:

Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելան չկարողացավ հասկանալ և սարսափեց: Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում. ոչ մեկը այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:

16. Բացատրիր հետևյալ միտքը:

Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր:

V

Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին:

— Սխալ չհասկանաս ինձ, Դել,- ասաց նա,- ոչ մի սանրվածք ու կտրված մազ չեն կարող ստիպել ինձ, որ դադարեմ իմ Դելային սիրելուց: Սակայն բաց արա այդ փաթեթը և այդ ժամանակ կհասկանաս, թե ինչու սկզբում մի պահ փոքր-ինչ ապշեցի:

Ձյունասպիտակ մատիկները թափով քանդեցին փաթեթի կապն ու թուղթը: Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո, ավա¯ղ, իրար հաջորդեցին զուտ կանացի արցունքների հեղեղ ու հառաչներ, այնպես որ հարկ եղավ անհապաղ դիմելու այն հանգստացնող միջոցներին, որ իր տրամադրության տակ ուներ տանտերը:

Սեղանին դրված էին սանրեր, մեկը` մազերը ետևում, մյուս երկուսը` կողքերին հավաքելու համար: Դա այն նույն սանրերի հավաքածուն էր, որով Դելան, դիտելով ցուցափեղկերից մեկը, զմայլվում էր: Կրիայի պատյանից պատրաստված հրաշալի սանրեր, անկյուններին փայլուն փոքրիկ քարեր ագուցված, որոնք Դելայի շագանակագույն մազերի գույնն ունեին: Դրանք թանկ արժեին: Դելան գիտեր այդ մասին, և նրա սիրտը հալումաշ էր լինում ու տոչորվում այդ սանրերը ձեռք բերելու անիրականանալի ցանկությունից: Եվ ահա դրանք իրենն են, սակայն այլևս չկան գեղեցիկ մազերը, որոնց զարդարեր դրանց բաղձալի փայլը:

Այնուամենայնիվ, Դելան սանրերը սեղմեց կրծքին և երբ վերջապես ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.

— Մազերս շատ արագ են աճում, Ջիմ:

Չէ՞ որ Ջիմը դեռ չէր տեսել նրա հրաշալի նվերը: Փութով` բաց ափի մեջ նրան մեկնեց շղթան: Թանկարժեք փայլատ մետաղը ասես կայծկլտաց նրա բուռն ու անկեղծ ուրախության ճառագայթների մեջ:

— Մի՞թե հրաշալի չէ, Ջիմ: Ամբողջ քաղաքն եմ չափել, մինչև գտել եմ: Այժմ կարող ես օրը թեկուզ հարյուր անգամ նայել ժամացույցին: Ինձ տուր այն: Ուզում եմ տեսնել, թե ինչպես են համապատասխանում իրար:

Սակայն Ջիմը, ենթարկվելու փոխարեն, պառկեց բազմոցին, ձեռքերը դրեց գլխատակին և ժպտաց:

— Դել,- ասաց նա,- ստիպված ենք առայժմ պահել մեր նվերները, թող միառժամանակ մնան: Առայժմ դրանք շատ լավն են մեզ համար: Ժամացույցը ծախեցի, որպեսզի սանրեր գնեմ քեզ համար: Իսկ հիմա, ըստ երևույթին, կոտլետներ տապակելու իսկական ժամանակն է:

Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ: Հենց նրանք էլ սովորույթ դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը: Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին, թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով: Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութդոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը: Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, և թող հասկանան,  որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին: Բոլոր իմաստուններից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են: Ամենուրեք և ամեն տեղ: Եվ մոգերը նրանք են:

Հարցեր և առաջադրանքներ

17. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

ագուցել, անհապաղ, տոչորվել, բաղձալի:

18. Բացատրիր ընգծված բառերի անհրաժեշտությունը տրված նախադասությունների մեջ.

• Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին:

• Դելան սանրերը սեղմեց կրծքին և երբ վերջապես ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.

— Մազերս շատ արագ են աճում, Ջիմ:

19. Գտի’ր տրված մտքերի ընդհանրությունը և բացատրիր դրանք:

• Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութդոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը:

• Բոլոր իմաստուններից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են: Ամենուրեք և ամեն տեղ: Եվ մոգերը նրանք են:

Ամփոփում

20. Դելայի և Ջիմի կերպարները ռոմանտիկակա՞ն, թե՞ ռեալիստական կերպարներ են: Պատասխանդ հիմնավորի’ր:

Օգնություն

Ըստ իրականության արտացոլման ձևերի` գրականության և արվեստի մեջ ստեղծագործությունները լինում են ռեալիստական, ռոմանտիկական և այլն:

Ռեալիստական ստեղծագործություններում կերպարները ներկայացվում են բազմակողմանիորեն` իրենց դրական և բացասական գծերով, իրենց բազմազան, հաճախ հակասական դրսևորումներով:

Ռոմանտիկական ստեղծագործություններում կերպարները, նրանց հարաբերությունները ներկայացվում են իդեալականացված, այնպիսին, ինչպիսին կցանկանար տեսնել հեղինակը:

21. Դուրս գրիր այն նախադասությունը (նախադասությունները), որտեղ խտացված է ստեղծագործության հիմնական գաղափարը (հեղինակի ասելիքը):

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 6-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 7-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Հաշվետվություններ, Գրականություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s