Երջանիկ խրճիթը: Ավ. Իսահակյան

Erjanik-Xrchity-1 Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե չէ, ի՞նչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երիտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Երիտասարդը խնջույքի ժամանակ  աննկատ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… Հե~յ, մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե՝ մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՜նչ իմանաս, կարելի է նա էլ իմ որդուն իր բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լաց եղավ:

-Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկների մեջ առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…

 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Գրականություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s