Գովք գինու և վայելքի…

Հ. Թումանյան

Հատվածներ «Թմկաբերդի առումը»  պոեմից.

Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին.
Ի՛նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին:

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար,
Ո՛վ կանի նըրան գետնին հավասար,
Թե չլինին
Կինն ու գինին:

Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս.
Ո՛վ ցած կը բերի նըրան թըռչելիս,
Թե չըլինին
Կինն ու գինին:

Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,
Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
Թե չըլինին
Կինն ու գինին:

***

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը:

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն.
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:

Հապա լըցրե՛ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք — աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի:

***

Ու չի դադարում երգի հետ վարար
Կախեթի գինին խելագար հոսել.
Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել:

Խըմում են կըռվող քաջերի փառքին,
Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,
Եվ ընկածների սուրբ հիշատակին,
Որ երկընքիցն են այժմ իրննց նայում…

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:

***

— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր։
Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր։

Եղիշե Չարենց

«Տաղարան» շարքից

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ -ու բաց ըլիմ մինչև էգուց:

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև էգուց:

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց:

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազի՜զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց:

***

Էսօր մեր փողոցով անցար — շրթերդ գինու թաս էին,
Մազերդ օսկի — աբրեշում, աչքերդ ալմաս էին:

Փողոցում կեցած մնացի՝ աչքերս պղտոր ու գինով.
Արևը խաղում էր վրեդ` հագիդ շորերը խաս էին:
Մե աչքով վրես նայեցիր, ասի թե` սիրով է էլի.
Կարմրագուն կրակի նման այտերդ կարմիր-կաս էին:

Ասի թե` ոտքերդ ընկնեմ, բայց տեղում կեցած մնացի՝
Այտերիդ կարմիր կրակին աչքերդ անմաս էին:

***

Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության («Գիրք ճանապարհի» շարքից)

Երգում եմ ահա այս գովքը ես
Խաղողի մեր բորբ ու լուսատեսք,
Մեր գինու՝ պայծառ ու հրակեզ,
Մեր արվեստների մեծահանդես։
Եվ դպրությո՛ւնն եմ մեր երգում ես,
Գեղեցկությունը դպրության վես,
Որ օրերում այս պարգևե մեզ
Հույզեր հրահուր և մրգեր կե՛զ։

***

Որքան կանգուն է աշխարքը քար,
Որքան փայլում է արևը վառ —
Եղել է խաղող, ողկույզ պայծառ,
Եվ գինի՝ մաքուր ու կենարար։
Եվ երգ է եղել աշխարհում հար,
Եղել է արվեստ ստեղծարար,
Եվ դպրություն է եղել դժվար,
Ոգու տքնություն հանճարափայլ։

***

Եվ ասում եմ գովք ես հիմա այն
Մեր հայրեններին գեղջկաբարբառ,
Որ գինու գովքն են երգում անչար,
Որթան ողկույզի հմայքն անճառ՝
Քրտնաթոր մարդու վաստակն արդար։
Օ՜, ռամիկ մարդու լեզո՛ւ ճարտար,
Ձայն աշխատանքի արևավառ,
Սիրո, խնդության գեղջուկ քնա՛ր…

***

Օ՜, խնդությո՛ւն խեղճ՝ առանց առթի,
Օ՜, ուրախությո՛ւն ռամիկ մարդի,
Օ՜, խաղող՝ քաղած վերջի՛ն հերթին,
Օ՜, գինի՝ քամած վերջին որթից,
Որ մութ վանքերի զանգից հեռու
Հոսել ես խարխուլ այն խուղերում,
Ճորտերի տրտում տնակներում,
Նրանց երգերում ու սրտերում…

***

Օ՜, ճարտար ճորտե՛ր, եթե դարեր
Ճորտությունն անգամ այն անարև
Չխեղդեց բարբառն այս հանճարեղ,
Որ վտակներով բազմաբարև
Հասավ մինչև մեր օրն այս հրե—
Ապա արևի ներքո այս մեր,
Ուր չկան տերեր, չկան ճորտեր —
Որքա՜ն հորդառատ պիտի հորդե…

***

Ու պիտի գնա՜ հիմա այն դեռ
Մինչև օվկիա՜նը գալիք կյանքի,
Ուր մարդկությունը ողջ աշխարհքի,
Առանց դասի ու դասակարգի,
Լծված խնդագին աշխատանքի
Պիտի իր անհուն երկի՛րն հերկի,—
Երկիր արևի՜, գինո՜ւ, երգի՜ —
Եվ մտքի՜, ոգո՜ւ բեղուն բերքի…

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Գրական ակումբ, Գրականություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s