Եղ. Չարենցի «Տաղարան» շարքը

Без названия (1)Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքը, որը հեղինակն ավարտել է 1921 թվականին, նրա գեղարվեստական այդ ընթացքի ինքնատիպ արտահայտություններից մեկը եղավ, որը տպագրվեց 1922 թվականին՝ տեղ գտնելով մոսկովյան հրատարակության երկհատորյակի առաջին հատորում:

«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին:

Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Կնոջ հուղարկավորության ժամանակ ամբողջ ճանապարհին, որ ձգվել էր դեպի ներկայիս Կոմիտասի այգին, այսինքն՝ նախկին Մլեր կոչված գերեզմանոցը, կյանքից հուսահատ ու ցավից տառապագին Չարենցը գոռացել է ու ողբացել։ Գերեզմանափոսի մոտ կանգնած դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Ոմանք պատմում են, որ Արփիկի դագաղում ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանասեղծություններ է թաղել։ Այդ սերը հետագայում շատ է ներշնչել բանաստեղծին։ «Էպիքական լուսաբացը»՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին» ընծայագրով ձոնել է նրան։ Գրքում Արփենիկի հիշատակին նվիրված է նաև երկու սոնետ՝ «Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսական ընկեր», «Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում»։ Իսկ «Տաղարանն» սկսում է այսպես.

Արփիկին
Հիդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պես,

Տալղա1 տըվիր, գեմիս2 տարար ծովի պես.

Կու մեռնիմ,— չիս տեսնի Սայաթ-Նովի պես…
                                                       Սայաթ–Նովա

————————

1 տալղա — ալիք, հորձանք:
2 գեմի — նավակ:

Այս տողերից հետո շարքի համար նախամուտք են հետևյալ երկու քառատողերը.

* * *

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

* * *

Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան…

Իսկ ո՞րն էր Չարենցի այս աշուղության, աշուղ դառնալու ներքին տրամաբանությունը: Ինչո՞ւ է Չարենցը իր «ապոլլոնյան քնարը» փոխարինում «աշուղի սազով»: Մի՞թե նոր ոճավորմամբ էր տարվել կամ ստեղծագործական նմանագրության նորարարություն էր: Անշուշտ ոչ:

Չարենցի ստեղծագործության այս նոր անակնկալը՝ «Տաղարանը», կյանքի ու աշխարհի նկատմամբ ժողովրդական հայացքի ամրապնդումն էր, որովհետև ժողովուրդն է, որ իր դարավոր փորձից ելնելով, հաստատում է հավիտենական արժեքները: Դառնալով տաղասաց-աշուղ՝ Չարենցն իրեն ստիպում է մտնել ժողովրդի բնական պարզության աշխարհը, այնտեղ որոնել կեցության պարզ հիմքերն ու աշխարհահիացման, մարդկային հարաբերությունների ու կյանքի մասին իմաստությունների ամբողջությունը:

Իսկ ինչո՞ւ է դիմել հենց Սայաթ-Նովային, այն Սայաթ-Նովային, ով Պարույր Սևակի բնորոշմամբ հայ գրականության «մեծ գանգատավորն էր ու բեզարածը»: Այն Սայաթ-Նովան, ով հիանալով՝ բեզարեց և վերջիվերջո կանգնեց փակուղիների առաջ և դատապարտվելով՝ հագավ կրոնավորի սքեմը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը տալիս է «Տաղարանը»: Այստեղ Չարենցը ոչ թե նմանագրել է Սայաթ-Նովային, ոչ թե դիմել է գրչական ոճագրության, այլ ընդհակառակը՝ «սայաթնովյան երանգներով» շատ դեպքերում վիճում է միջնադարի երգչի հետ՝ նրա դառնությանը դեմ դնելով իր հոգու խենթ ազատությունն ու զվարթությունը, նրա բեզարածությանը դեմ է դնում վայելումի քաղցրությունը, իսկ հուսահատությանը՝ իր երբեք չմարող լավատեսությունը:

Քանի որ Չարենցը ոչ միայն ժամանակի մեծ բանաստեղծներից էր, այլ նաև գրականության զարգացման ընթացքին էր հետևում, հասկացավ, որ թարմություն է պետք տիրող ճգնաժամը հաղթահարելու համար, համենայնդեպս Չարենցն այդպես էր կարծում: Սայաթ-Նովային դիմելն ուներ նաև մի այլ խորհուրդ՝ Սայաթ-Նովան հայ ժողովրդի հպարտությունն է, միջնադարյան պոեզիայի վերջին ձայնը, նոր պոեզիայի մեծ ու արքայական սկիզբը:

Սայաթ-Նովան ու իր երգերը պարտավորեցրել են նրա հետնորդներին գետնին չթողնել հայկական բառը, աչքի լույսի պես պահպանել հայկական խոսվածքը, կյանքում միշտ բարձր դասել բարին, գեղեցիկն ու ազնիվը, գնահատել սիրո և բարեկամության մեծ ուժը:

Եւ ահա Չարենցն իր առաջ խնդիր է դնում՝ սիրել Սայաթ-Նովայի բառարանով, ներել ու հաստատել նրա բառարանով, վիճել ու խոնարհվել, պաշտել ու փառաբանել նրա բառարանով: Նմանվելու, բայց աննման մնալու խնդիր, որը կարելի է անվանել վերամարմնավորում: Սայաթ-Նովան ոչ թե նամանակվում, այլ վերամարմնավորվում է Չարենցի մոտ՝ մնալով Չարենցին հարազատ:

«Տաղարանը» մի ամբողջական սյուժե է՝ սկզբով, ընթացքով, ավարտով, սյուժե, որտեղ գլխավոր հերոսը՝ Տաղասացը, պարզում է ընդհանրապես իր հարաբերությունները աշխարհի և այդ մեծության առանձին արժեքների հետ: Այն դառնում մի կոմպոզիցիոն ամբողջություն՝ մի յուրահատուկ սիրավեպ աշխարհի հետ: Սիրո, երազի, կարոտի, դառնության, գանգատի, բաժանման հակադիր զգացմուներով ողողված այս շարքն իսկական հարստություն է հայ գրականության համար, անկրկնելի ու յուրահատուկ մի կոթող՝ Սայաթ-Նովայի խոսքով, Չարենցի ոգեղենությամբ ու հոգով՝ նվիրված իր միակ ու անկրկնելի սիրուն՝ Արփենիկին…

*****

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։

Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի1, ատլաս2 ու խաս3,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:

———————————

1 հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին. փխբ. գեղեցկուհի:
2 ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. հնց. մետաքս:
3 խաս — ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս:

*****

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ4, գոզալ5,— երգս ուրախ պիտի ասեմ։

 

Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։

——————————

4 էշխ — գվռ. եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր:
5 գոզալ, գյոզալ — գեղեցկուհի, չնխարհիկ, սիրուն:

                                          *****

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
Ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

 

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

——————————

1 սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ:

                              *****

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։

Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։

                            *****

Ամեն տեսակ երգ երգեցի — ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի։

Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ1 մրգեր ըլին շարած
Անմահական մրգերի տեղ — շահնշահի բաղն է էլի։

Բախչի միջի, ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
Ծաղիկների ջուրը ուզած— առավոտվա շաղն է էլի։

Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝
Սրտիդ ուզած տեղը միակ — սիրեկանի թաղն է էլի։

Վա՜յ քեզ, Չարենց, լա՛վ իմացի, ականջ արա սիրեկանին,
Սմեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի։

————————

1 ռանգ — գվռ. երանգ, գույն. ռանգ-ռանգ — այստեղ` տեսակ-տեսակ:

                                           *****

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝
Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին։

Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։

 

Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:

Եվ սրտիս ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի,—
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին։

Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:

Ասի թե՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն, համառ է, ասին։

Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ,—
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին։

«Տաղարանն» ավարտվում է «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ: Ահա թե ինչ  է ասել Վիլյամ Սարոյանն այս բանաստեղծության մասին. «Չարե՜նցը, Չարե՜նցը… «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում…»: Անոր չհանդիպած գիտեի արդեն իր այս քերթվածը։ Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ։ Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված։ Զայն մինչև այսօր կնկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը։ «Հայր մեր»-ին նմանվող աղոթք մը»:

Երաժշտությունը՝ Տիգրան Մանսուրյանի, խոսք՝ Ե. Չարենց

Կատարում է Երևանի կամերային երգչախումբը

Աղբյուրը՝ Լուսինե Մանուկյանի բլոգ

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 7-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Հաշվետվություններ, Գրականություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s