Հունիսի 10-ին տեղի ունեցավ կրթահամալիրի տնօրենի հետ թվով 7-րդ հանդիպումը: Այս անգամ մասնակիցների թվում էի նաև ես: Հանդիպումը հետաքրքիր ու հագեցած էր՝ ուղղված 2019-2020 ուստարվա մեր հեղինակային ձեռքբերումներին, 2020-2021-ում՝ դրանց զարգացումներին, մեր անելիքներին, այլ…
Հանդիպման ֆորմատն այս անգամ մի փոքր այլ էր. կրթահամալիրի մեր սիրելի ուսուցիչների մի խումբ նախապես փոխանցել էր հարցերը սիրելի տնօրենին, ով ուղղեց դրանք մեզ: Կարծում եմ՝ հետաքրքիր ձև էր:
Ուզում եմ անդրադառնալ յոթերորդ հանդիպման ընթացքում հնչած հարցերից մեկին՝ 2020-2021-ում մասնախմբերի ձևավորմանն ուղղված հարցին: Կարծում եմ՝ առարկայական մասնախմբերով աշխատելը, քննարկումներ կազմակերպելը (ֆիզիկական միջավայրում, թե առցանց` կարևոր չէ) միշտ էլ անհրաժեշտ է, որքան էլ դու քո գործի հեղինակն ես, մանկավարժությունը կրողը: Միշտ էլ ավագ, մասնագետ ընկերոջը լսելը, մասնագիտական ամենատարբեր հարցերը քննարկելը, մասնախմբի ղեկավարի, մյուսների առաջարկություններին ու դիտողություններին անդրադառնալը, հետևելը կարևոր է, օգտակար:
Կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպումներին սիրով հետևել եմ ու կշարունակեմ հետևել, որովհետև ամեն մի հանդիպում իր մեջ կարևոր մանկավարժական մի ինչ- որ բաղադրիչ ունի, որը հաստատ ինձ՝ որպես մանկավարժ, 2020-2021-ում հայտ ներկայացրած ուսուցիչ, անհրաժեշտ է, օգտակար…