Ավ․ Իսահակյան «Կյանքից թանկ բանը»

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

 

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,

Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

 

Մեռնող աղավնին խորհում է ինքնին.

-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.

Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

 

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

 

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

 

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Գրականություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий