Վիլյամ Սարոյանի մասին

«Ես Կալիֆոռնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ…»։

Ծնունդը

Կալիֆոռնիա: Բիթլիսից գաղթած հայ ընտանիք, որտեղ 1908 թ․-ին ծնվեց 4-րդ երեխան: Նրան կոչեցին Վիլյամ: 1911 թվականին, երբ  37-ամյա Արմենակ Սարոյանը մահացավ, մայրը՝ Թագուհի Սարոյանը, չէր կարողանում պահել երեխաներին: Արդյունքում  երեխաներին՝ Հենրիին , Զաբելին, Կոզեթին ու Վիլյամին,  տեղափոխեցին որբանոց։ Այդ ժամանակ Վիլյամը 3 տարեկան էր, և հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը ծանր փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար:

«Մանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել: Մայրս նախատեց ինձ` ասելով` դու 

արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս: Ես դադարեցի լաց լինել» :

Այդ ժամանակ մայրը նրան Coon Jiger անունով մի տիկնիկ էր նվիրել։ Տիկնիկ, որը երկար տարիներ լինելու էր Վիլյամի անբաժան ընկերը և այդ տիկնիկով էր  փորձելու փարատել մոր բացակայությունը:

Վերադարձ դեպի տուն

Մոտ 10 տարի ապրելով մանկատանը՝ նույն ճանապարհով Վիլյամն իր քույր-եղբայրների հետ մի օր վերադարձավ տուն: Սակայն վերադարձը մանկատնից չդարձավ վերադարձ դեպի  անհոգ կյանք: Աշխատանք հեռագրատանը: Վիլյամը ստիպված էր օգնել մորը: 13-ամյա երեխայի համար դա դժվար փորձություն էր:

«Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին բեյսբոլ խաղալու, և ես, շատ լավ գիտակցելով, 

որ պետք է մնացած թերթերը վաճառեմ, չկարողացա հրաժարվել այդ առաջարկից և 

միացա ընկերներիս: Հանկարծ լսեցի մորս ձայնը՝ ինչո՞վ ես զբաղված: Ես խաղում էի, 

մայրի՛կ,- պատասխանեցի ես: Մորս մեկ հայացքը բավարար եղավ, որ

 վերադառնամ աշխատանքիս: Այդ օրվանից հետո հասկացա, որ ես տարբեր եմ

 մյուս երեխաներից»:

Փողոցը որպես դպրոց

Թե’ որբանոցում, թե’  հետո արդեն տանը, Վիլյամը այդպես էլ կանոնավոր կրթություն չստացավ։ Կրթությունն ու աշխատանքը համատեղելը դժվար էր տղայի համար: Իսկ երրորդ դասարանում դպրոցում հայտնի էր որպես ամենաչար տղան, ում հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերը, ականջները… Այդպես մինչև մի օր հայտարարեցին Վիլյամ Սարոյանը վռնդված է  դպրոցից…

Ծանոթությունը հոր հետ

Վիլյամը հորը չէր հիշում ու հորից շատ բան չէր պատմում մայրը: Սակայն 1922 թվականին, երբ Վիլյամը 14 տարեկան էր, մայրը նրան հանձնեց հոր թղթերի ու տետրերի մի կապոց: Դա Վիլյամի համար իր և հոր առաջին հանդիպումն էրհասունության հանդիպումը: Այդ հանդիպման ժամանակ էր, որ Վիլյամը իմացավ իր հոր ով լինելը: Հայրը բանաստեղծ էր, բանաստեղծություններ ու պոեմներ էր գրել «հին հայրենիքի» լեզվով։ Օրեր շարունակ նա կարդում էր հոր գրվածքները, հետո ուրիշ գրողների, հետո էլի ու էլի, և վերջում հասկացավ, որ  չգրել չի կարող:

«Ես գրում եմ փոքր տարիքից, թեպետ այն ժամանակ ոչ մեկին չէի խոստովանում, որ 

ուզում եմ գրող դառնալ։ Մերոնքբիթլիսցիները, հատկապես նրանք, ովքեր հիմնավորվել

 էին Ամերիկայում, գրողներին լուրջ չէին վերաբերվում։ Նրանց համար կարևորն այն էր

կարո՞ղ ես փող աշխատել, թե՞ ոչ։ Իմ հորեղբայր Արամն ասում էր.«Դու այդ հիմարությունը

 թո՛ղ»։  Բայց ես չէի լսում…»։

Աշխատանքային տարեգրություն

1926 թվական: 18 տարեկան Վիլյամն արդեն հասցրել էր աշխատել փոստատար, սևագործ բանվոր և սեզոնային մշակ Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում, բացահայտել  էր Ֆրեզնոն այնքան, որքան հնարավոր էր:

Եվ ահա, ամեն տեսակ աշխատանքից գլուխ հանող Վիլյամը որոշում է նոր բացահայտումների գնալ: Թողնելով հարազատ Ֆրեզնոննա ճանապարհ է ընկնում դեպի Սան Ֆրանցիսկո: Սան Ֆրանցիսկոյում նրան նոր աշխատանքներ էին սպասումհեռագրատան ծառայող, ապասպորտային ապրանքների վաճառող, պահեստի բանվոր, և էլի ուրիշ աշխատանքներ: Սակայն ոչ մի աշխատանք իր սրտով  չէր, ու նա ոչ մի տեղ երկար չէր մնումկարևորը հասցներ սենյակի վարձը տալ:

1933 թվական, Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթ: Վիլյամ Սարոյանի առաջին ստեղծագործությունը` Սիրակ Գորյան կեղծանունով, արդեն իրականություն էր` հետո ինչ, որ ոչ իր անուն-ազգանունով:

Մեկնարկը տրված էր, շարունակությունը՝ սպասված: Եվ չուշացավ առաջին գիրքը՝ 1934թ․, «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ»: Հետագայում այս գրքի մասին ամերիկացի քննադատ Բ. Ռասկոն պիտի գրեր.

Ընթերցողը սիրեց գիրքը, գրախանութներում այն երկար չմնաց դարակներին և դատարկվող դարակները Վիլյամին ստիպեցին մտածել շարունակության մասին:

«1935թ-ին, երբ լույս տեսավ իմ առաջին գիրքը, ես կյանքում առաջին անգամ ինձ զգացի գրեթե

 հարուստ։ Եվ այդ ժամանակ որոշեցի ուղևորվել Հայաստան։ Ուզում էի տեսնել իմ

 ժողովրդին, իմանալ, թե ինչի մասին են խոսում իմ հայրենակիցները։ Ինչպես են 

նրանք քայլում փողոցներով, ինչ են սիրում։ Ուզում էի նայել Բիթլիսի ուղղությամբ»։

Զինակոչիկը

1942 թվականին Սարոյանը զորակոչվեց բանակ, հետո իր տեսած ու ապրած պատերազմը պիտի դառնային ստեղծագործություններ՝ «Մարդկային կատակերգություն», «Վեսլի Ջեկսոնի արկածները»։ Նույն թվականին՝ մինչև զորակոչվելը,  հիմնեց սեփական թատրոնը, որը, սակայն, կարճ կյանք ունեցավ:

«Երբ իմ «Մարդկային կատակերգությունը» թարգմանվեց հայերեն, մայրս կարդաց այն։ 

Մի անգամ ես նստել և ուտում էի նրա պատրաստած թանապուրը։ Հանկարծ նա մտավ 

սենյակ և ասաց. «Երեկ գիշեր  կարդացի քո գրածը։ Լավ էր»։ Եթե մայրիկն ասաց՝ «լավ էր», նշանակում

 է՝ այդպես էլ կա։ Նշանակում է՝ թարգմանությունն էլ լավն է»։

Դեպի աշխարհ

Միշտ ու մշտապես, ուր էլ լիներ ու ինչ էլ աշխատելիս լիներ, Վիլյամի միտքը միշտ թռչում էր նոր երկրներ, ուրիշ երկրներ` նոր բացահայտումների ու նոր զգացողությունների ետևից: Եվ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1950-60-ական թթ․-ին, Սարոյանն անդադար շրջագայում էր: Եվրոպա ու ոչ միայն Եվրոպա, մինչև հասավ հայրենիք` Հայաստան:

Սարոյանի Հայաստանը

«Օտարության մեջ ապրող հայերի մեջ մեծ է Հայրենիքի հանդեպ կարոտը։ Բայց դա 

հիվանդություն չէ։ Դա ուժ է։ Եվ այն օգնում է ճանաչել ինքդ քեզ։ Ես՝ Ուիլյամ Սարոյանս, 

Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ երեխան եմ, և իմ արժեքն այն է, որ ես

 հայ եմ, գրող։ Ես չեմ կարող ինքս իմ մասին այլ կերպ մտածել։ Ես չեմ կարող ինքս 

ինձ դավաճանել։ Եթե դավաճանեմ, չեմ կարողանա գրել, և այն ամենը, ինչ կգրեմ, 

կլինի կեղծ։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու առաջին իսկ վաստակածս գումարով 

եկա Հայաստան»:

Առաջին անգամ 1935թ․-ն էր, երբ նա ընդամենը 27 տարեկան էր: Հաջորդ անգամ Հայաստան այցելեց 1960-ին, ապա՝ 1976թ․-ին և 1978թ․-ին, որ նշեր իր 70-ամյակը:

«Ես հայ եմ արյունով, ամերիկացի` միջավայրով: Հայաստանը ես սիրեցի միանգամից:

 Այդ սերը հայրենիքիս հանդեպ շատ ավելի վաղ էր դրոշմված իմ սրտում»:

Եվ պատահական չէ, որ Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը, հայկականը՝ օտար միջավայրում:

«Համարձակեցեք բնաջնջել Հայաստանը: Տեսեք, թե կրնա՞ք:  Աքսորեցեք դեպի

 անապատները առանց հացի ու ջրի: Այրեցեք անոնց տունն ու եկեղեցիները: Հետո

 տեսեք, թե անոնք արդյոք կրկին չեն խնդա, երգե կամ աղօթե…  Որովհետև, երբ 

անոնց երկուսը աշխարհի որևէ մասում կհանդիպեն, տեսեք, թե անոնք արդյոք 

մի Նոր Հայաստան չեն ստեղծե…»:  

Հայաստան այցելություններից մեկի ժամանակ Սարոյանը Սևանի ափից մի ծանր քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:

– Ամերիկա՝ Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:

– Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…-հարցնում է ուղեկցորդը:

– Ինքնաթիռով պիտի տանիմ

– Ինչո՞ւ

– Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է

 Սարոյանը:

Չառլին և Վիլյամը

«Երբեմն ես մտածում եմ, որ հարուստ մարդիկ պատկանում են բոլորովին այլ 

ազգության, անկախ այն բանից, թե ինչ ազգություն ունի նրանցից յուրաքանչյուրը»։

Սարոյանը Ամերիկայում սիրում էր հանդիպել հայերի հետ: Բայց Սարոյանի հուշերում ճակատագրական էր հատկապես ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի հետ ընկերությունը: 1936 թվականի հոկտեմբերին Մամուլյանի հետ հերթական հանդիպումը պատճառ դարձավ մեկ այլ ճակատագրական հանդիպման: Հանդիպում, որ սկիզբ էր դնելու Չապլին և Սարոյան բարեկամությանը:

Ռուբեն Մամուլյանի հարկաբաժնում տեսնելով Չարլի Չապլինին՝ Սարոյանը նախ՝ շփոթվեց: Հետո՝ պիտի իմանար, որ Նյու Յորքի այն համեստ կացարանը, որտեղ բնակվում էր Չապլինը, իր կացարանի հարևանությամբ է: Հետո արդեն ամեն երեկո Սարոյանն ու Չապլինը պիտի միասին զբոսնեին, թափառեին փողոցից փողոց: Չապլինը պիտի ազդեր նաև Սարոյանի ձեռագրի վրա՝ նրան արձակից տանելով դեպի դրամատուրգիա:

Իսկ երբ 1952 թվականին Չապլինին վտարեցին ԱՄՆ-­ից իր նկարահանած «Մսյո Վերդու»«Բեմի լույսերը» ֆիլմերի համար, Սարոյանի համար դա հավասար էր սեփական անձի վտարմանը: Այդպես նրանց բարեկամությունն ընդհատվեց 23 տարով: Վերջին հանդիպումը 1975 թ. մայիսին էր, Փարիզում:

Այդ հանդիպումից 2 տարի անց Սարոյանը կարդաց Չապլինի մահվան մասին… Իրենց չդադարող բարեկամության մասին երբ էլ հարցնեին, միշտ նույն պատասխանն էր տալիս․

«Մեզ կապում է բարությունը և կրկին բարությունը, բարի կամեցողությունը»:

Սարոյան հայրը

Երեխաները հոր հետ հաճախ էին հանդիպում, Սարոյանը ֆինանսապես ապահովում էր նրանց: Չնայած այդ ամենին` երեխաները, հատկապես որդին, բարդ հարաբերություններ ուներ հոր հետ: Ոչ ոքի չէր հաջողվում մեղմել տարաձայնությունը հոր և որդու միջև: Տարիները նրանց ավելի հեռացրին… Հանդիպման վերջին առիթը Սարոյանի կյանքի մայրամուտին էր:

Ի դեպ, Արամը բանաստեղծ է. Սարոյանը հաճախ էր կարդում որդու բանաստեղծությունները: Դուստրն ընտրեց դերասանի մասնագիտությունը, թեպետ նա էլ պատանեկության տարիներին գրում էր. հոր բնորոշմամբ՝ բավականին լավ գործեր:

«Եվ այնուամենայնիվինչոր մի տեղ ինչ– որ մի բան սխալ է»:

Սարոյանը 2 տարի տառապում էր քաղցկեղով, հիվանդությունը ծանր էր, թեպետ Սարոյանը փորձում էր այն թեթև տանել:

1981թ․-ին, սակայն, նրան տեղափոխեցին հիվանդանոց: Մայիսի 18-ը Սարոյանի վերջին առավոտն էր: Այդ օրը Ֆրեզնոյում ևս մեկ հայ պակասեց:

Նրա վերջին կամքը կատարվեց: Աճյունափոշու մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ Իսկ 2008-ին Երևանի կենտրոնում բացվեց Վիլյամ Սարոյանի արձանը:

Աղբյուրը՝ Գրական ակումբի բլոգ

Ամբողջական նյութը՝ այստեղ։

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Երկարացված օրվա կազմակերպում. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий