Բառի բաղադրիչները. արմատ և ածանց
Բառերը տարբեր կազմություն ունեն: Եթե համեմատենք ամպ, անամպ, ամպիկ,ամպածածկ, ամպանման բառերը, կնկատենք, որ դրանք տարբեր կազմություն ունեն, բայց բոլորի մեջ կա նույն ամպ բաղադրիչը: Այն արտահայտում է այդ բառերի հիմնական իմաստը և կոչվում է արմատ:
Բառի մեկ այլ բաղադրիչ է ածանցը: Սա այն մասնիկն է, որը բառին միանում է սկզբից կամ վերջից և նոր բառ կազմում: Այսպես՝ անամպ («առանց ամպի») և ամպիկ («փոքր ամպ») բառերում ան-ը և իկ-ը ածանցներ են:
Դիտի՛ր արմատների և ածանցների մասին պատմող մուլտֆիլմը
https://www.youtube.com/watch?v=jRF9vQ1BAjg
Բառերի տեսակներն ըստ կազմության
Բառերն ըստ կազմության լինում են պարզ, բարդ և ածանցավոր:
Պարզ բառերը կազմված են միայն մեկ արմատից:
Օրինակ՝ ծառ, տերև, պտուղ, ուղի, շատ, զգույշ:
Բարդ բառերը կազմված են մեկից ավելի արմատներից:
Օրինակ՝ տերևաշատ (տերև — ա — շատ), ծառուղի (ծառ — ուղի), պտղաբեր (պտուղ ա բեր):
Ուշադրություն
Բարդ բառերի արմատները կարող են միանալ հոդակապով և առանց հոդակապի:
Օրինակ՝ ծաղկահյուս – ծաղկաման, լուսաբաց – լուսառատ:
Ածանցավոր բառերը կազմված են արմատից և մեկ կամ ավելի ածանցներից:
Օրինակ՝ ծառաստան, անպտուղ, թարմություն, անզգուշորեն:
Ուշադրություն
Նոր բառերի կազմության ժամանակ արմատների մեջ երբեմն հնչյունների փոփոխություն
է տեղի ունենում:
Օրինակ՝ լույս – լուսավոր, լուսաստղ, գիր – գրություն, գրասեղան, պտուղ — պտղատու: